00:00:00

Ինչ կպատմի Միհրան Պողոսյանը իրավապահ մարմիններին

21:45, 02 հուլիս 2018

Մամուլում  տեղեկություն են  շրջանառվում այն մասին, որ իրավապահների հաջորդ թիրախը կարող է լինել ՀՀԿ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Նա Սերժ Սարգսյանի ընկերոջ ազգականն է, ներգրավված է մի շարք բիզնեսներում, իսկ նրա անվան շուրջ ամենախոշորն օֆշորային սկանդալն էր, որի հետեւանքով նա հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից: Պողոսյանի մասին խոսելիս հաճախ ասում են «Քեթրինի Միհրան»։ Բանանի, ցիտրուսային և տրոպիկական մրգերի ներմուծող և մենաշնորհ ունեցող «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն անմիջականորեն առնչվում է Միհրան Պողոսյանի հետ: Նախ՝ իր կենսագրության մեջ  Միհրան Պողոսյանը գրել է, որ ընկերության հիմնադիրն է, ապա, համաձայն ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի տվյալների, մինչև 2008թ. բաժնեմաս է ունեցել այնտեղ: Միհրան Պողոսյանից բացի՝ մինչև 2015թ.-ը ընկերությունում բաժնեմաս է ունեցել նաև կինը՝ Կարինե Մխիթարյանը: Իշխանափոխությունից հետո  իրավապահները սկանդալային բացահայտումներ են անում, որոնց ալիքը հասել է նաեւ Սերժ Սարգսյանի մերձավորներին՝ եղբայրներին, թիկնազորի պետին: Բացահայտվել են չհայտարարագրված տասնյակ միլիոնավոր դոլարներ: Իրավապահների թիրախում Պողոսյանի հայտնվելը կարող է բացահայտումների նոր ալիք դառնալ։ Դժվար, թե Միհրան Պողոսյանը հիշողության կորուստ ունեցած լինի, ինչպես օրինակ Առաքել Մովսիսյանի պարագայում էր։ Թավշյա  իշխանափոխությունը ի թիվս այլ դրական դրսեւորումների, նախկին իշխանության ներկայացուցիչների մոտ առողջացման էֆեկտ տվեց։ Միհրան Պողոսյանի՝ ԱԱԾ հյուրընկալվելը կարող է նոր Հայաստանում, նոր իրողություն ստեղծել։ Պողոսյանը հաստատ պատմելու բաներ կունենա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր