00:00:00

«Մեր Գյումրին» դրամահավաքն արձանագրեց 562,000 ԱՄՆ դոլար արդյունք

16:55, 02 հուլիս 2018

Մոտ 7 ժամ եւ 562․000 ԱՄՆ դոլար․ Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հայաստան հիմնադրամի»-ի 4-րդ ամենամյա դրամահավաքը Գյումրիի համար։ Սա նշանակում է, որ եւս մի քանի գյումրեցի ընտանիք ընդմիշտ կլքի դոմիկն ու կտեղափոխվի նոր ու հարմարավետ տուն։ «Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ մեկ բնակարանի արժեքը մոտ 25․000 դոլար է։ Հեռուստամարաթոնին մասնակցել են ինչպես հիմնադրամի բարերարները, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում ապրող քաղաքացիներ։ Կոչով հանդես է եկել նաեւ Սփյուռքի նախարարը: Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ եկել է ժամանակը, երբ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ոչ թե գոյատեւելու վայր, այլեւ արժանապատիվ ու երջանիկ ապրելու հայրենիք: «Դոմիկները Հայաստանում այլեւս անելիք չունեն, սակայն դրան հասնելու համար հարկավոր է մեկտեղել մեր ջանքերը, լինել միասնական, մեկմեկու հանդեպ հոգատար: ՀՀ քաղաքացին պետք է լինի ու ապրի արժանապատիվ, դրան այլընտրանք չկա», - ասել է նախարար Հայրապետյանը: Համահայկական հիմնադրամի աջակցությամբ 3 տարիների ընթացքում 38 ընտանիք է արդեն հրաժեշտ տվել տնակային կյանքին։ Իրենց հերթին սպասում են ավելի քան 2000-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր