Սեւանա լճի ափին այսօր՝ հուլիսի 1-ին տեղի ունեցավ «Սեւանյան ամառ 2018» մարզամշակութային միջոցառումը, որով ազդարարվեց հանգստյան սեզոնի բացումը: Այս մասին հաղորդում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժինը:
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ այս տարի հանգստացողների մեծ հոսք է սպասվում, եւ Գեղարքունիքի մարզպետարանը ՀՀ ԱԻՆ ՓԾ, ՀՀ Ոստիկանության մարզային վարչության, Սևանի քաղաքապետարանի եւ «Սեւան» ազգային պարկի հետ համատեղ արել է հնարավորը, որպեսզի հանրային 3 լողափերում հանգստացողների համար ստեղծվեն հանգստի եւ ժամանցի համար բավարար պայմաններ:
«Երեք հանրային լողափերում, որոնք գործում են անվճար հիմունքներով, բավական նորմալ պայմաններ են ստեղծված: Մենք աշխատանքներ ենք տանում, որ լողափերի թիվն ավելացնենք եւ կահավորենք անհրաժեշտ գույքով: Սեւանն այս տարիների ընթացքում օգտագործվել է անխնա կերպով, եւ հիմա ժամանակն է, որպեսզի գնանք Սեւանի պահպանմանն ու զարգացմանը: Սեւանի հետ կապված մենք ունենք մի շարք ծրագրեր, որոնք առաջիկայում դարձնելու ենք գործողությունների հստակ պլան եւ գնալու ենք դրա իրականացմանը»,- ասաց մարզպետը:
Հանրային լողափերում ժամը 9:00-21:00-ը գործելու են բժշկական եւ ջրափրկարարական ծառայություններ, որոնք ապահովված են անհրաժեշտ դեղորայքով եւ գույքով:
«Մենք տարեցտարի նկատում ենք ազգաբնակչության վերաբերմունքն ու վստահությունը հանրային լողափերի հանդեպ, որը մեր կատարած աշխատանքի ամենամեծ գնահատականն է: Ձեզ հաճելի հանգիստ եմ ցանկանում եւ անմոռաց օրեր»,- հանգստացողներին ասաց «Սեւան» ԱՊ տնօրեն Վահե Գուլանյանը: