Ալժիրի իշխանությունները մեղադրվում են վերջին 14 ամսվա ընթացքում ավելի քան 13.000 ներգաղթյալի՝ այդ թվում նաև հղի կանանց ու երեխաների Սահարա անապատում առանց սննդի ու ջրի թողնելու, մահվան մատնելու համար:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, իշխանությունները մեղադրվում են փախստականերին իրենց երկրից վտարելու, նրանց հյուծելու համար: Նշվում է, որ իշխանությունները, չկարողանալով լուծել միգրացիոն ճգնաժամը, փախստականներին ստիպում են քայլել կիզիչ արևի տակ ու հետո թողնում են մենակ՝ մեռնելու:
Միգրացիայի միջազգային կազմակերպությունն արդեն ահազանգել է Սահարայում մարդասիրական աղետի մասին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Եվրոպական Միությունը ճնշում է գործադրում Հյուսիսային Աֆրիկայի պետությունների վրա՝ պահանջելով զգալի նվազեցնել այնտեղից ներգաղթյալների հոսքը դեպի Հին աշխարհամաս:
Associated Press գործակալությունը զրուցել է անապատը հրաշքով հատած մի քանի հոգու հետ, որոնց պատմելով՝ բազմաթիվ մարդիկ են մահացել անապատում:
Նշվում է, որ Ալժիրը սկսել է նման քաղաքականություն վարել 2017թ. հոկտեմբերից:
Մինչդեռ ԵՄ-ն հայտարարել է, որ տեղյակ է Ալժիրի իշխանությունների գործողություններից, բայց քանի որ այն ինքնիշխան պետություն է, ուստի՝ իրավունք ունի վտարել ներգաղթյալներին միջազգային օրենքի շրջանակում: