00:00:00

Որոշ դպրոցներ չունեն կրթություն տրամադրելու իրավունք. ԿԳՆ-ն շրջաբերական է ուղարկել

01:38, 21 հունիս 2018

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան այսօրվա գրառումից պարզ դարձավ, որ որոշ ուսումնական հաստատություններում կրթական գործունեություն է իրականացվում՝ առանց այդ իրավունքն ունենալու: Գերատեսչությունից մանրամասնում են, որ նման դպրոցները հիմնականում գտնվում են մարզերում, իսկ Երեւանում դրանք հատուկենտ կարող են լինել: «Սիրելի ծնողներ, Ձեր երեխաներին առաջին դասարան տանելիս դպրոցի տնօրեններից անպայման հարցրեք, թե արդյոք ունեն արտոնագիր` կրթական գործընթաց կազմակերպելու համար: Ներկայում ստուգվում են արտոնագրերը, ու պարզվում է, որ կան այդպիսիք, որ առանց թույլատրելու աշակերտներ են ընդունում: Անպայման խնդրեք, թող ցույց տան արտոնագիրը, այլապես կարող է փաստի առաջ կանգնեք: Առայժմ այսքանը»,- ֆեյսբուքյան էջում գրել էր նախարար Հարությունյանը: Կրթական ծրագրերի իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է: Այսինք՝ դպրոցներն այդպիսի ծրագրեր իրականացնելու համար պետք է ունենան համապատասխան լիցենզիա, ընդ որում՝ առկա յուրաքանչյուր ծրագրի համար: Այսինքն՝ թե տարրական, թե հիմնական եւ թե միջնակարգ կրթություն տրամադրելու համար անհրաժեշտ է ստանալ առանձին լիցենզիա: Հանրակրթական ուսումնական հաստատություններում լիցենզիայի խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ 2010 թվականին կառավարության համապատասխան որոշմամբ դրանք վերակազմակերպվել են՝ դառնալով հիմնական եւ ավագ դպրոցներ: Որոշներն էլ դեռեւս շարունակում են գործել որպես միջնակարգ դպրոց: «Վերակազմավորման հետեւանքով պետք է դիմեին, որպեսզի, եթե լիցենզիա ունեն, դրանում համապատասխան փոփոխություններ կատարվեին, եթե չունեն, նոր լիցենզիա տրամադրեինք: Ժամանակի ընթացքում մենք շրջաբերականներ ենք ուղարկել մարզպետներին եւ քաղաքապետերին, բայց ներկա պահին կան դպրոցներ, նախակրթարաններ, որոնք դեռ չեն լիցենզավորվել»,- «Հայկական ժամանակ»-ին ասաց կրթության եւ գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանը: Հիմնական խնդիրն, ըստ նրա, կապված է դպրոցների սեփականության վկայականի հետ: Կան հաստատություններ, որոնք լիցենզավորման համար հայտ են ներկայացրել գործակալություն, բայց փաստաթղթերը թերի են համարվել ու մերժում է եղել հենց այդ վկայականի պատճառով: «Լիցենզիայի պայման-պահանջների մեջ մտնում է նաեւ անշարժ գույքի՝ շենքի գրանցման իրավունքի վկայական ունենալը: Կան դպրոցներ, որոնց վկայականում նախկին անվանումներն են գրված եղել: Պետք է այդ վկայականը փոխվի տվյալ հաստատության նոր անունով, քանի որ իրավաբանական անձի անվան փոփոխություն է եղել: Այդ վկայականում շատ դեպքում գրված է մարզի, համայնքի անունը, գրված է Հայաստանի Հանրապետություն, բայց այն պետք է տրված լինի տվյալ կազմակերպությանը, որովհետեւ լիցենզիան մենք տալիս ենք կազմակերպությանը: Օրենքի պահանջ է դա»,- շարունակեց Մովսես Մովսիսյանը: Դաշտը կարգավորելու նպատակով ԿԳ նախարարը հանձնարարել է նրան շրջաբերական ուղարկել բոլոր մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին, որ իրենց ենթակայությամբ գործող հաստատություններին առնչվող տեղեկությունները ճշգրտվեն եւ նախարարություն ներկայացնեն լիցենզիա չունեցող հաստատությունների ցանկը: Բայց փաստորեն խնդիրն առկա է արդեն 8 տարի, եւ ամեն անգամ շրջաբերականներ են ուղարկվում: Լիցենզավորման գործակալության պետի խոսքով, այդ շրջաբերականներից հետո իրավիճակն աստիճանաբար կարգավորվում է: Թե վերջին տվյալներով քանի դպրոց է գործում առանց լիցենզիա ունենալու եւ որոնք են այդ դպրոցները, գործակալության պետը դժվարացավ ասել, քանի դեռ չկա համայնքներից ստացված համապատասխան տեղեկատվությունը: Ամեն դեպքում ուսումնական հաստատություններն իրավունք չունեն գործունեություն ծավալել առանց լիցենզիայի: «Օրենքն ասում է՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով կարող են զբաղվել միայն լիցենզիայի առկայության դեպքում: Տվյալ կազմակերպությունը պետք է լիցենզիա ունենա, որ իրավունք ստանա գործունեություն ծավալել: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են՝ նախադպրոցական կրթական ծրագիր, տարրական հանրակրթական ծրագիր, հիմնական հանրակրթական ծրագիր, միջնակարգ հանրակրթական ծրագիր: Օրենքն ասում է՝ այն կազմակերպությունները, որոնք լիցենզավորման ենթակա գործունեությամբ են զբաղվում, բայց չունեն լիցենզիա, համարվում է ոչ լիցենզավորված եւ իրավունք չունեն ընդունելություն կազմակերպել, իրավունք չունեն գործունեություն ծավալել»,- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին հղում արեց գործակալության պետը: Նաեւ ավելացրեց, որ իր ղեկավարած կառույցի իրավասությունների մեջ չի մտնում հետեւել՝ գործող ուսումնական հաստատությունները լիցենզիա ունեն, թե չէ: Լիցենզիա տրամադրելիս հաշվի են առնվում մանկավարժական կազմը, ուսումնական տարածքը, ուսումնամեթոդական ապահովվածությունը, գրադարանի, համակարգչային լսարանի առկայությունը, լաբորատորիաների հագեցվածությունը եւ այլն: Ի դեպ, Մովսես Մովսիսյանը նշեց, որ կան նաեւ դպրոցներ, որտեղ աշակերտների քանակը թույլատրելիից շատ ավելի մեծ է: Այդ տվյալները նույնպես ամփոփման փուլում են: Ինչ վերաբերում է ԿԳ նախարարի դիտարկմանը, թե արտոնագիր-լիցենզիայի առկայության հարցում չհամոզվելու դեպքում ծնողները կարող են փաստի առաջ կանգնել, մեզ չհաջողվեց պարզել, թե հատկապես ինչ խնդիրներ կարող են ի հայտ գալ: Խոսքը թերեւս վերաբերում է կրթության ոչ բավարար որակին: Կրթություն տրաադրելու իրավունք չունեցող դպրոցների ավարտական փաստաթղթերը չճանաչվելու հարց կարծես առայժմ առաջ չի եկել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր