00:00:00

Համախմբվելու է ուսանողների և դասախոսների հետազոտական ներուժը

21:48, 20 հունիս 2018

Ծրագրի այս հատվածը միայն առաջին փուլն է, որին հաջորդելու է հետազոտական խիստ ծանր, բայց հաճելի աշխատանքը: Այստեղ են համախմբվելու ուսանողների և դասախոսների հետազոտական ներուժը: Վստահ ենք, որ արդյունքում ստանալու ենք ՇՊՀ-ի զարգացման առաջիկա 5 տարվա ռեալ սպասումը, որն իր տեսակի մեջ եզակի է լինելու ողջ հանրապետության կրթական համակարգի համար... ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԼՍԱՐԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ (Գործունեության ընդհանուր նպատակի գնահատում) ՆԱԽԱԲԱՆ «Մ. Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարան» հիմնադրամը (այսուհետև՝ ՇՊՀ) այսօր կանգնած է մեծ մարտահրավերների առաջ, որոնք ունեն և՛ արտաքին, և՛ ներքին բովանդակություն: Ներքին մարտահրավերները թելադրված են ՇՊՀ-ի ներսում գոյություն ունեցող իրողություններով, որոնք ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ բնույթ: Օբյեկտիվ հիմքը պայմանավորված է ֆինանսատնտեսական սահմանափակ ռեսուրսներով, դասախոսների և ուսանողների ճնշող մեծամասնության մոտ կրթական ժամանակակից իրողությունների նկատմամբ ոչ համարժեք պատկերացումներով, անցումային տնտեսության պայմաններում շուկայի պահանջների ոչ հստակությամբ և այլն: Ներքին մարտահրավերների սուբյետիվ հիմքը բացառապես թելադրված է անհատական-անձնային նեղ հավակնություններով, որոնք կառուցվում են ՇՊՀ-ի հեղինակության հաշվին: Արտաքին մարտահրավերները պայմանավորված են հասարակական կյանքում տիրապետող ժողովրդագրական, սոցիալական, տնտեսական, կրթական և մշակութային բազմազան գործոններով, որոնք հանրապետության կրթական համակարգի համար սահմանում են բոլորովին նոր սոցիալական պատվեր: Վերջինիս բովանդակության մեջ առանցքային դեր ունեն նաև նոր ստեղծվող եվրոպական կրթական տարածքի նպատակները, որոնք հստակ չափանիշներ են սահմանում կրթական օղակների՝ հանրակրթության, միջին մասնագիտական կրթության և բարձրագույն՝ համալսարանական կրթության նկատմամբ: Այս մարտահրավերների ռեալ գոյությունը հավանական են դարձնում ՇՊՀ-ի ինքնամարման ոչ ցանկալի հեռանկարը: Հետևաբար, առկա մարտահրավերների առանձին-առաձին և միաժամանակյա դիմագրավումը դառնում է ՇՊՀ-ի կայունացման և հետագա զարգացման այլընտրանք չունեցող միակ ճանապարհը: Այդ ամենը հնարավոր է միայն խորքային (ցավոտ) բարեփոխումների միջոցով, որոնց համակարգված, հստակ ճանապարհային քարտեզը պետք է դառնա ՇՊՀ-ի առաջիկա 5 տարիների ռազմավարական զարգացման ծրագիրը: Ելնելով վերոհիշյալ իրողություններից՝ մենք առաջարկում ենք բարեփոխումների իրականացման մեկ հիմնական ուղղություն. այն է՝ կրթական գործունեության փիլիսոփայության արմատական փոփոխություն, որից ածանցվելու են մնացած բաղադրիչները՝ ընդունելության կառավարումը, կադրային քաղաքականությունը, ֆինանսական կառավարումը, ենթակառուցվածքների կառավարումը, հասարակական ներգրավումը և իմիջը, արտաքին կապերի բովանդակությունը: ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Կրթական գործունեության բնագավառում անհրաժեշտ և իրականացվելիք բարեփոխումների թիրախը պետք է դառնա կրթության փիլիսոփայության արմատական փոփոխությունը: Ըստ էության, այդ փոփոխությունն արդեն իրականացված պետք է լիներ, քանի որ եվրոպական միասնական կրթական տարածքին ինտեգրվելու պահանջը ենթադրում էր կրթական օղակների հստակ գործառույթների տարանջատում և իրականացում: Սակայն, մեզ մոտ իրականացված բարեփոխումները միայն ընդգրկել են արտաքին՝ ձևական կողմը, երբ առկա է կրթական օղակների տարանջատում, բայց բացակայում է օղակների գործառույթների նպատակային իրականացումը: Մասնավորապես՝ բարձրագույն կրթական ոլորտում ներդրվել է երկաստիճան համակարգը՝ բակալավրի և մագիստրոսի որակավորումները, իսկ հետբուհական մասնագիտական կրթության ոլորտում՝ հետազոտողի որակավորման աստիճանը: Ներդրվել են ECTS-ը կամ դրան համադրելի կրեդիտային համակարգերը: Այսինքն, կառուցվածքային, արտաքին-տեսանելի ռեֆորմը հիմնականում արդեն իրականացվել է, սակայն կրթական ծրագրերի խորքային բովանդակային փոփոխությունները գրեթե բացակայում են: Նույն իրավիճակը տիրապետում է միջին մասնագիտական և հանրակրթության ոլորտում: Արդյունքում՝ բոլոր օղակներում ունենք կրթության որակի շեշտակի անկում: ՇՊՀ, որն իր կառուցվածքում ունի կրթական օղակների հիմնական բաղադրիչները՝ ավագ դպրոց (հանրակրթություն), քոլեջ (միջին մասնագիտական) և համալսարան (բարձրագույն և հետբուհական կրթություն) ունակ է իրականացնել նպատակային բարեփոխումներ: Հետևաբար, առաջիկա 5 տարիների զարգացման համատեքստում, ՇՊՀ-ն իր ողջ ներուժը՝ ընդունելության կառավարում, ֆինանսական կառավարում, ենթակառուցվածքների կառավարում, կադրերի կառավարում, պետք է ներդնի կրթության նպատակայնության փոփոխությանը, որն ընդգրկելու է.  Համալսարանական կրթություն – Այն համապատասխանում է կրթական ծրագրերի առավելագույն՝ 6-րդ և 7-րդ մակարդակներին: Համալսարանական կրթության հիմնական նպատակը՝ հետազոտական գործունեության կազմակերպումն է, որի արդյունքում պատրաստվում են ոլորտների բարձրակարգ մասնագետներ: Սակայն, մեզ մոտ՝ համալսարանում, ուսանողների թվի ամեն գնով ավելացման ձգտումը բերել է նրան, որ հիմնականում իրականացվում է կրթական ծրագրերի 5-րդ մակարդակին համապատասխանող մասնագիտացումներ (հասարակական հնչեղություն ունեցող մասնագիտությունների կտրվածով): Արդյունքում, հետազոտական բաղադրիչը մղվել է երկրորդ պլան կամ կրում է զուտ ձևական բնույթ, իսկ ժամանակի արհեստական ձգվածությունը, ֆինանսկան միջոցների անտեղի վատնումը՝ հանգեցրել են կրթության որակի շեշտակի նվազման: Հետևաբար՝ 2019/2020 ուս տարվանից աստիճանաբար դուրս են գալու այն մասնագիտացումները, որոնք չեն համապատասխանում համալսարանական կրթության չափանիշին: Դրանք տեղափոխվելու են ՇՊՀ քոլեջ: Այսինքն, առաջիկա 3 տարիների ընթացքում տեղի կունենա ուսանողական համակազմի նվազում: Սակայն, հետագայում համալսարանական մասնագիտացումների հստակեցմամբ, ավագ դպրոց-քոլեջ-համալսարան կապի բովանդակային հստակեցմամբ հնարավոր է ուսանողական համակազմի թիվը կայունացնել՝ նպատակային ցուցանիշի սահմաններում: Այստեղ պետք է հաշվի առնել և մանրամասն պլանավորել Շիրակի տարածաշրջանի տնտեսական զարգացման հեռանկարները, ըստ այդմ՝ որակյալ մասնագետների հնարավոր պահանջը:  Միջին մասնագիտական կրթություն (ՇՊՀ քոլեջ) - Այն համապատասխանում է կրթական ծրագրերի 5-րդ աստիճանին: Սակայն, ինչպես վերևում նշեցինք, այդ աստիճանի գործառույթն իր վրա է վերցրել համալսարանը: Արդյունքում, ՇՊՀ քոլեջի (ոչ միայն) հասարակական վարկանիշը խիստ ցածր է: Արմատապես պետք է փոխվի կրթական քաղաքականությունը: Համալսարանում ներկայիս մասնագիտացման շատ ուղղություններ պետք է տեղափոխել քոլեջ: Բացի դրանից, աշխատաշուկայում բարձրագույն կրթությամբ յուրաքանչյուր որակյալ մասնագետի սպասարկման համար անհրաժեշտ է 3-4 միջին մասնագիտությամբ աշխատող՝ սպասարկող անձնակազմ: Հետևաբար, համագործակցելով մարզի առաջատար տնտեսվարողների հետ (գերակա ուղղությունների ասպարեզում՝ IT ոլորտ, սերվիս, հանրային կառավարում, գյուղատնտեսություն) և հաշվի առնելով համալսարանի կողմից թողարկվող որակյալ մասնագետների նպատակային քանակը, 5 տարիների ընթացքում ՇՊՀ քոլեջում ուսանողների թիվը կարող է հասնել մինչև 1000 ուսանողի:  ՇՊՀ ավագ դպրոց – Այն համապատասխանում կրթական ծրագրերի 4-րդ աստիճանին: ՇՊՀ կառուցվածքի ավելի բարձր օղակներում իրականացվող փոփոխությունները պետք է փոխպայմանավորված լինեն ավագ դպրոցի հետ: Այսինքն, ավագ դպրոցը դառնալու է ապագա դիմորդների պատրաստման և ուղղորդման կարևորագույն օղակը: Այսպես օրինակ, կրթական նպատակային քաղաքականության միջոցով պետք է բացահայտվեն հետազոտական կարողություններ ունեցող աշակերտները և ուղղորդվեն համալսարան: Սպասարկող անձնակազմին համապատասխան ունակություններ ունեցող աշակերտները պետք է ուղղորդվեն քոլեջ: Այս ամենով հանդերձ, ավագ դպրոցի հիմնական առաքելությունը պետք է լինի Հայաստանի Հանրապետության 21-րդ դարի քաղաքացիների պատրաստումը: Առաջիկա 5 տարիների ընթացքում իրականացվելիք փոփոխությունները ենթադրում են նաև կադրային, ֆինանսական և այլ ռեսուրսների վերաբաշխում: Մասնավորապես, համալսարանում ուսանողների թվի կրճատմանը զուգահեռ, կրճատվելու է դասախոսական համակազմի թիվը: Իրական, բովանդակային մրցակցությունը թույլ կտա համալսարանում կենտրոնացնել հետազոտական գործունեությանը պատրաստ, կարող դասախոսներին, որոնց աշխատանքի, նաև ֆինանսական ապահովվածության ցուցիչը կախված պետք է լինի հետազոտական (տարբեր ֆինանսավորման) ծրագրերի մասնակցության և իրականացման աստիճանից: Քոլեջում՝ ուսանողների, և դպրոցում՝ աշակերտների թվի ավելացումը ենթադրում է համապատասխան դասախոսական և ուսուցչական կազմի պահանջարկ, որը կարող է լրացվել համալսարանի այն դասախոսների հաշվին, ովքեր պատրաստ են միայն կրթական գործառույթ իրականացնել: Ըստ այդմ, կմեղմվեն նաև բարեփոխումների սոցիալական հետևանքները: Սակայն, բարեփոխումներում սոցիալական բաղադրիչը չպետք է լինի առաջնայինը, այն ածանցվելու է նպատակին հասնելու անհրաժեշտությունից: Արմեն Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր