00:00:00

ԱԻՆ-ը պլանային ստուգումներ է իրականացնում արտադրական վտանգավոր օբյեկտներում

23:00, 05 հունիս 2018

Վերջերս հասարակության ուշադրության կենտրոնում են հայտնվել հակահրդեհային ստուգումները, որոնք իրականացվում են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից: Slaq.am-ը ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ ընթացիկ ստուգումների և ստուգման ենթարկվող օբյեկտների վերաբերյալ: -Մեկ տասնյակից ավել մարդկանց կյանք խլած Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքում տեղի ունեցած հրդեհը, կարծես, ազդակ էր նաև մեր Արտակարգ իրավիճակների նախարարության համար՝ ուժեղացնելու հակահրդեհային ստուգումները, այս պահի դրությամբ՝ ի՞նչ ստուգումներ են իրականացվել և հանրային նշանակության ո՞ր օբյեկտներում: -2018թ.-ի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը իրականացրել է մոտ 70 ստուգում և 336 հրդեհատեխնիկական հետազոտություն հանրային նշանակության տարբեր օբյեկտներում՝ առևտրի կենտրոններում, սննդի կետերում, ժամանցի վայրերում, ինչպես նաև պլանային ստուգումներ և հետազոտություններ են իրականցվել և իրականացվում արտադրական վտանգավոր օբյեկտներում: -Հիմնականում ի՞նչ թերություններ են հայտնաբերվել, և ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվելու: -Ստուգումների և հետազոտությունների ընթացքում արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվների որոշակի խախտումներ, որոնք հիմնականում վերաբերում են հրդեհաշիջմանը, արտաքին և ներքին ջրամատակարարման համակարգերին, հրդեհաշիջման սկզբնական միջոցներին, էլեկտրատնտեսությանը, տարհանման ուղիներին առնչվող հարցերին: Հայտնաբերված թերությունների վերաբերյալ յուրաքանչյուր տնտեսվարողին տրվում է համապատասխան կարգադրագիր և խելամիտ ժամկետ, կախված թերության բարդությունից, դրանք վերացնելու համար: Կարգադրագրում նշված ժամկետից հետո կրկին իրականացվում է ստուգում և, եթե թերությունները շտկված չեն լինում՝ կախված խախտման մասշտաբից տվյալ տնտեսվարողը տուգանվում է: -Պաշտոնյաներին պատկանող հանրային օբյեկտներում հրդեհատեխնիկական ստուգումներ իրականացրե՞լ եք: -Պլանով նախատեսված բոլոր օբյեկտներում իրականացվում են և ստուգումները, և հետազոտությունները՝ անկախ անձնային պատկանելիությունից: Հրդեհատեխնիկական հետազոտություններ, ինչպես նաև՝ հակահրդեհային ուսումնավարժանքներ իրականացվել են «ՏաշիրԳրուպ», «ՍԱՍ-Գրուպ», «Ալեքս հոլդինգ», «Ալեքս տեքստիլ» ընկերություններին պատկանող խոշոր առևտրի կենտրոններում և հանրային սննդի օբյեկտներում: -Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարին պատկանող օբյեկտներում ստուգումներ իրականացվե՞լ են: -Այդ օբյեկտները առաջիններից են եղել ստուգման համար նախատեսված հանրային օբյեկտների ցուցակում: «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող մոտ երեք տասնյակ օբյեկտներում նույնպես իրականացվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ և ստուգումներ: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք թերություններ, բոլոր օբյեկտներին հանձնվել են կատարման համար պարտադիր կարգադրագրեր, որոնցով սահմանվել են ժամկետներ` հայտնաբերված թերությունները վերացնելու համար: Առաջարկված միջոցառումների որոշակի մասն արդեն իսկ կատարվել է: Մնացածը գտնվում է կատարման ընթացքում:
Աղբյուր՝ Slaq.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր