00:00:00

ՀՀ ԱԻ նախարարն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա

17:21, 05 հունիս 2018

Հունիսի 6-8-ը Մոսկվայում կանցկացվի Համալիր անվտանգություն 2018 խորագրով  անվտանգության ապահովման միջոցների 11-րդ միջազգային ցուցահանդեսը, որը կազմակերպվում է ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարության նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Միջազգային սրահի շրջանակում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով այսօր Մոսկվա է մեկնել ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Միջոցառման պատվավոր հյուրերի թվում են շուրջ 2 տասնյակ երկրների արտակարգ իրավիճակների կառավարման պատասխանատու կառույցների և տարբեր միջազգային մարդասիրական կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Անվտանգության ապահովման միջոցների միջազգային ամենամյա ցուցահանդեսը նպաստավոր հարթակ է՝ ծանոթանալու որոնողափրկարարական աշխատանքների համար նախատեսված արդի սարքավորումներին, նորարարական բարձր տեխնոլոգիական փրկարարական տեխնիկայի նմուշներին, միջազգային փրկարարական ծառայությունների տեխնիկական հագեցվածությանը և նորարարություններին, որոնք հետագայում կներդրվեն ի նպաստ աղետների ռիսկերի նվազեցման, կանխարգելման, տարածաշրջանային կարողությունների հզորացման  ու հետագա զարգացման: Ցուցահանդեսի ընթացքում կանցկացվեն ցուցադրական ուսումնավարժություններ, հանդիպումներ ու տարբեր թեմաներով քննարկումներ, նախատեսվում է նաև ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի և ՌԴ ԱԻ նորանշանակ նախարար Եվգենի Զինիչևի հանդիպումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր