Ազգային ժողովում ներկայացվում է կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Առաջին իսկ հայացքից նկատելի է նույն խնդիրը, ինչ նախորդ տարի. hաշվետվության մեջ 2025 թվականի ցուցանիշները կրկին համեմատվում են 2017-ի հետ։
Մինչդեռ տրամաբանությունը պարտադրում է, որպեսզի հաշվետու տարին համեմատվի ոչ թե հեռավոր անցյալի, այլ հենց տվյալ կառավարության կողմից հաստատված ծրագրում ամրագրված թիրախների հետ։ Այլ կերպ ասած՝ գնահատել, թե արդյո՞ք իշխանությունը կատարել է իր խոստումները, թե՞ պարզապես փորձ է արել «լավ տեսք» ապահովել համեմատությունների միջոցով։
Բացի այդ, զեկույցում տեղ են գտել մի շարք վիճելի ու հարցեր առաջացնող ձևակերպումներ։ Դիտարկենք դրանցից երկուսը։
Դիտարկում N.1
Զեկույցի 2-րդ էջում նշվում է. «2025 թվականին արձանագրվել է բարձր տնտեսական աճ (7,2%), ինչի արդյունքում 2021-2025 թթ. ՀՆԱ միջին տարեկան աճը կազմել է 7,9%)»։
Թվային ցուցանիշներն առաջին հայացքից տպավորիչ են, սակայն այստեղ ակնհայտորեն շրջանցվել է ամենակարևոր հանգամանքը. վերջին տարիներին տնտեսական աճը մեծապես պայմանավորված է եղել արտաքին գործոններով։ Խոսքը, մասնավորապես, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դեպի Հայաստան կապիտալի և մարդկային ռեսուրսի մեծ ներհոսքի, ինչպես նաև վերաարտահանման կտրուկ աճի մասին է։ Պատահական չէ, որ հենց 2022-2023թթ. արձանագրվել են ամենաբարձր աճի տեմպերը, որոնց զգալի մասը (մինչև 6 տոկոսային կետ), ըստ տարբեր գնահատականների, ձևավորվել է հենց այս արտածին ազդեցությունների հաշվին։ Սա կարևոր է արձանագրել այն պատճառով, որ կառավարության ծրագրով սահմանված էր, որ ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը պետք է լինի 7%, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում` 9%:
Այսինքն՝ արդեն իսկ փաստացի ձևավորված բարենպաստ պայմաններում, որոնք մինչև օրս շարունակվում են, իշխանությունը պետք է ապահովեր առավել բարձր արդյունք։ Սակայն նույնիսկ այս ֆոնին 9% աճը չի հաջողվել ապահովել: Սա չիրացված հնարավորությունների օրինակ է։
Այս «գեղեցիկ փաթեթավորված» վիճակագրությունը հատկապես ուշագրավ է արտաքին քաղաքական համատեքստում։ Վերջին շրջանում ակնհայտ լարվածություն կա գործող իշխանության և Ռուսաստանի իշխանությունների միջև՝ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին վերջին հանդիպումը վկա։ Հանդիպմանը ռուսական կողմից ակնհայտ հնչեցին ձևակերպումներ, թե ինչ է շահել Հայաստանը՝ ԵԱՏՄ-ին անդամակցելով, և ինչ կլինի, եթե Հայաստանը կտրուկ փոխի իր արտաքին քաղաքական վեկտորը դեպի Եվրոպա։ Այս հանգամանքն էական է. վերջին տարիների տնտեսական աճը ձևավորվել է հենց այն միջավայրում, որի նկատմամբ այսօր իշխանությունը փորձում է վերանայել իր քաղաքականությունը։ Այսինքն՝ տնտեսական ցուցանիշներով պարծենալով՝ միաժամանակ վտանգի տակ է դրվում այդ նույն արդյունքների հիմքը։ Արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը կարող են շատ արագ փոխել խաղի կանոնները, և այդ դեպքում շատ արագ բացահայտ կդառնա՝ խոսքը կայուն ձեռքբերումների՞, թե՞ ժամանակավոր բարենպաստ հանգամանքների մասին էր։
Դիտարկում N.2
Նույնքան խոսուն է նաև հարկային եկամուտների մասով ներկայացված պատկերը։ Զեկույցի 2-րդ էջում նշվում է. «Ընդհանուրի մեջ հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 2 տրլն 725,2 մլրդ ՀՀ դրամ՝ ապահովելով ճշտված ծրագրի 100,3% կատարողական և 7,6 տոկոսային կետով բարելավում` նախորդ տարվա համեմատ։ 2025 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը նախորդ տարվա համեմատ գրանցել են շուրջ 14% աճ կամ հավելյալ 334,3 մլրդ ՀՀ դրամի եկամուտ»:
Ցուցանիշներն այստեղ ևս ներկայացված են՝ որպես ձեռքբերում, սակայն իրական պատկերն այլ է։ Փաստացի, 2025թ. հարկային եկամուտների «գերակատարումը» կազմել է ընդամենը 0,3%, այն դեպքում, երբ տնտեսական աճը՝ 7,2%, էականորեն գերազանցել է բյուջեով նախատեսված 5,1%-ը։ Այսինքն՝ տնտեսությունն աճել է սպասվածից ավելի արագ, բայց այդ աճը համարժեքորեն չի վերածվել բյուջետային մուտքերի։ Արդյունքում 2025թ. հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 24,1%՝ ծրագրային թիրախից 0,9 տոկոսային կետով ցածր։
Սա արդեն հստակ ազդակ է, որ բարձր տնտեսական ակտիվությունը չի ուղեկցվել հարկային վարչարարության համարժեք արդյունավետությամբ։ Ավելի պարզ՝ կառավարությունը չի կարողացել «վերցնել» այն, ինչ տնտեսությունը տվել է։ Այդ պատճառով էլ ներկայացվող «գերակատարումն» իրականում ավելի շուտ տեխնիկական արդյունք է՝ պայմանավորված սխալ կանխատեսված բազայով, քան կառավարման արդյունավետությամբ։ Ավելին, այս տվյալները կասկածի տակ են դնում նաև ծրագրային կարևոր թիրախի իրագործելիությունը՝ մինչև 2026 թվականը հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 25%-ի։ Երբ 2025-ին այն կազմում է 24,1%, իսկ ժամանակը սահմանափակ է, դժվար է խոսել նման թռիչքային բարելավման իրատեսականության մասին։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։