Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի գնահատմամբ՝ Աստվածաբանական տեսանկյունից՝ ազգային միասնության ճեղքումը հավասարապես նաև հոգևոր ճգնաժամ է. այն վկայում է, որ համերաշխությունը խաթարված է ոչ միայն մարդկանց, այլև՝ մարդու և ճշմարտության միջև։
Հայր Իսահակը նշում է՝ բաժան-բաժան «ես»-երն ու «մենք»-երը կարող են կրկին դառնալ մեկ ամբողջություն՝ բռնելով ներքին նորոգման ուղին։
««Ճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ. 8.32)։
Մարդկային պատմության դրաման, եթե դիտարկելու լինենք աստվածաբանական խորքով, բացահայտում է ոչ միայն տարաբնույթ հակամարտությունների արտաքին պատկերը, այլև՝ դրանց ներքին, հաճախ անտեսանելի արմատները։ Դրանք կապված են մարդու սրտի երկատման հետ, որտեղ ճշմարտությունն ու շահը, սերն ու անձնասիրությունը, աստիճանաբար սկսում են մասնատվել, և այն, ինչ ի սկզբանե կոչված էր միասնական լինել, հանդես է գալիս առանձին-առանձին, երկատված ու հակադրված։
Աստվածաբանական տեսանկյունից՝ հակամարտությունները երբեք միայն արտաքին չեն։ Դրանք ծնվում են խոսքի, մտքի, զգացմունքի և լուսավորության պակասից, ինչը բնորոշելի է՝ «մթագնում», երբ ճշմարտությունը դադարում է լինել համընդհանուր հենարան և վերածվում է մասնատված ընկալումների բազմազանության։ Այս դեպքում, զորօրինակ՝ հասարակությունը, որը կոչված է ընդհանրություն լինել, դանդաղ սկսում է ներսից քայքայվել։
Ազգային միասնության երկփեղկումը հենց այս ներքին ճեղքի տեսանելի դրսևորումն է։ Այն սկսվում է ոչ թե սահմանների, այլ՝ գիտակցության փոփոխությունից։ Երբ միևնույն ժողովուրդը այլևս չի կիսում նույն ճշմարտությունը, երբ ընդհանուր հիշողությունը դադարում է լինել միավորող և վերածվում է վիճահարույց դրվագների, բաժանումը դառնում է անխուսափելի։ Աստվածատուր «մենք»-ը կորցնում է իր ամբողջականությունը և վերածվում է փոխադարձաբար կասկած հարուցող «ես»-ի, կամ՝ տարբերություն առաջ բերող «մենք»-երի։ Դրությունը դառնում է առավել նուրբ ու վտանգավոր, քանի որ և' խորանում են արդեն գոյություն ունեցող բաժանումները, և' պայմաններ են ստեղծվում այլ բաժանողների ու բաժանումների համար։ Բայց առավել ողբերգականն այն է, որ հակամարտող կողմերը հաճախ կենտրոնանում են հետևանքների՝ ճգնաժամ, բախումներ, փոխադարձ մեղադրանքներ, և չեն անդրադառնում բուն հարցին, դիցուք՝ ինչու՞ է միասնականությունը դարձել խոցելի։ Այս իրավիճակը կարելի է բնութագրել որպես «ճշմարտության նկատմամբ հավատարմության ճգնաժամ» . Vēritās vōs līberābit. Երբ ճշմարտությունը այլևս չի ընկալվում որպես միավորող իրականություն, այլ՝ գործիք, այն կորցնում է իր ազատարար ուժը։ Այդ ժամանակ նույնիսկ արդարության ջատագովումը կարող է դյուրությամբ վերածվել բաժանման միջոցի, քանի որ այլևս չի պայմանավորվում և ընկալվում ընդհանուր շահով. ἡ ἀλήθεια ἐλευθερώσει ὑμᾶς.
Աստվածաբանական տեսանկյունից՝ ազգային միասնության ճեղքումը հավասարապես նաև հոգևոր ճգնաժամ է։ Այն վկայում է, որ համերաշխությունը խաթարված է ոչ միայն մարդկանց, այլև՝ մարդու և ճշմարտության միջև։ Եվ քանի դեռ այդ խաթարումը չի ընկալվում, ճանաչվում և բուժվում, արտաքին հաշտության ցանկացած փորձ մնալու է սոսկ մակերեսային դրսևորում։ Այստեղ է, ահա, որ կարող է օգնության գալ քրիստոնեական հույսը։ Միասնությունը հնարավոր է վերագտնել ճշմարտության վերականգնումից, որը պահանջում է վերադարձ՝ «metanoia»։ Այդ դարձը վերաբերում է անհատին ու ամբողջին, որոնք պետք է համարձակվեն վերանայել իրենց պատմությունն ու հիշողությունները։ Այս դեպքում է միայն, որ բաժան-բաժան «ես»-երն ու «մենք»-երը կարող են կրկին դառնալ մեկ ամբողջություն՝ բռնելով ներքին նորոգման ուղին»,- նշել է Հայր Սուրբը։