Ռուս մեծ փիլիսոփա Բերդյաևը, ով իր տեսության մեջ ծածկեց հոգևորի, մարդկայինի, արարչության խորքերը, տեսավ անցյալի, ներկայի և ապագայի տարածությունները, սկսեց ժամանակի սկզբից, հասավ պատմության ավարտին և անցավ անսահմանի սահմանը, այսպիսի խոսքեր ունի. «Մենք կազատագրվենք բարձրագույն լծից միայն այն ժամանակ, երբ կազատվենք ներքին ստրկությունից»։
Հայաստանն այսօր գտնվում է այս ձևակերպման իմաստի վառ դրսևորման մեջ, որովհետև բռնությունը միայն անձի պաշտամունքի քարոզչության, իշխանության վերարտադրության պարտադրման և խմբակային շահերի սպասարկման անշրջելիության մեջ չէ։ Բռնաճնշումը նաև լինում է, երբ սեփական անձիդ արտահայտությունը պարտադրում ես ամեն օր տեսնելու, լսելու, «վայելելու», հատկապես երբ անձը անհատ չէ, և վարչակազմն էլ որակազուրկ հավաքույթ է։
Եվ երբ մենք գտնենք այն հարցի պատասխանը, թե ինչու մեկը (և նրա խմբակը), ով զուրկ է տարրական դաստիարակությունից, կրթվածության նվազագույն ցենզից, ճաշակի պարզ զգացողությունից, տղամարդկային պահվածքից, առաջնորդի վարքականոնից, ով զբաղվում է հայերենի աղճատմամբ, պատմության չեղարկմամբ, իրականության խեղաթյուրմամբ, ում գործունեությունը համազգային շանտաժն է, ով ժողովրդին գրավ է դրել թշնամու գրպանում, այն էլ՝ անտոկոս, և ամեն օր ահաբեկում է հանրապետության քաղաքացիներին պատերազմի արհավիրքով (այսինքն՝ ինքը միշտ պիտի ղեկավարի, հակառակ դեպքում պատերազմ կլինի. այստեղ ծափ հայկական դեմոկրատիային), երբ կհասկանանք, թե ինչպես թույլերի փիլիսոփայությունը և վախկոտների հոգեբանությունը դարձավ կառավարող կատեգորիա Հայաստանում, մենք կգտնենք այն որոշումը, որի ի կատար ածումը կազատի մեզ ճղճիմության, դավաճանության, թուլության, վախերի և խաբեության միջավայրից ու կբերի բանական, էմոցիոնալ, խիզախ և արդար ինքնագիտակցականով ապրելու ու առաջանալու համապետական և համազգային կենսակերպին, սոցիալիզացիայի հավասարակշռված մթնոլորտին։
Լուսավորյալ միապետությունը պարգև է մարդկանց համար` պետության ստեղծման և կայացման փուլում։ Հայրենիքի զավթումը օտարի կողմից ամոթ է ժամանակակիցների համար և ազատության պայքարի պարտադրանք՝ սերունդներին։ Ուժեղների միահեծան դիկտատուրան թշնամություն է իշխանության և ժողովրդի միջև, բայց երբ արտաքին կառավարման ստորադասության տակ անցած ստրուկների սեկտան ղեկավարում է երկիրն ու մարդկանց, այ դա արդեն խարան է, ինչի շարունակականության հիմնավորումը չկա։
Ռուբեն Վարդանյան
Պատմաբան, հրապարակախոս