ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Նախագահ Թրամփը ներկայացրեց Իրանի հետ 15 կետից բաղկացած խաղաղության ծրագիր՝ նշելով, որ բանակցությունները վարվում են այդ փաստաթղթի նախագծի հիման վրա։ Իրազեկ դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ այն պատրաստվել է դեռևս 2025թ. մայիսին, միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում (12-օրյա պատերազմից առաջ):
Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ եթե սա հին պլանի վերագործարկումն է, ապա դա կարող է վկայել ԱՄՆ-ի կողմից սկսված բանակցությունների նկատմամբ լրջության բացակայության և ռազմական նոր գործողությունների համար ժամանակ շահելու մասին: Կամ էլ նախագահ Թրամփի կողմից կա ցանկություն՝ իրավիճակը ներկայացնել որպես անվիճելի առաջընթաց՝ փորձելով կանխարգելել ներամերիկյան քննադատությունների հիմնական դիսկուրսը:
Հարկ է նշել, որ այս օրերին ԱՄՆ նախագահին հաջողվեց հանդարտեցնել նավթի շուկաները, և գները սկսեցին անկում ապրել։ Սա Իրանում դժգոհությամբ ընդունվեց։ Մինչ այդ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրանցիներին հնարավորություն է տալիս համաձայնության գալ և հետաձգում է էներգետիկ ենթակառուցվածքների վրա ծրագրված հարվածները։
Իրանում կտրականապես հերքեցին բանակցության մասին Թրամփի հայտարարությունները, սակայն միջազգային մամուլում սպրդող մանրամասներին զուգընթաց առավել հավանական դարձավ, որ որոշ շփումներ այնուամենայնիվ տեղի ունեցել են:
15 կետից բաղկացած ծրագիրն (հրապարակվել է լրատվականների կողմից) անշուշտ «հնացած» է Իսլամական Հանրապետության հետ երկու ինտենսիվ պատերազմների ֆոնի վրա։ Այդ ժամանակվանից ի վեր շատ ջրեր են հոսել և միմյանց ցավոտ հարվածներ են հասցվել։
Այնուամենայնիվ, առաջիկա օրերին սպասում են ակտիվ դիվանագիտական գործունեությունները, որոնց կցանկանան միանալ մեծ թվով երկրներ: Հավանական է, որ Իրանը կրկին կպահանջի բանակցություններ վարել բացառապես Միացյալ Նահանգների հետ:
Իրականում բարդ է խոսել Իսլամաբադում համաձայնության հասնելու հնարավորությունների մասին։ Սակայն նախագահ Թրամփի քաղաքական գիծն արդեն հստակ է՝ բանակցություններ, ռազմական հարվածներ, նորից բանակցություններ և (եթե դրանք արագ առաջընթացի չհանգեցնեն) ավելի ու ավեի ուժեղ հարվածներ։
Ներկայումս էական դեր ունի նաև Իրանի Իսլամական Հանրապետության ներքաղաքական իրավիճակը։ Արդյո՞ք Իրանում կան անհատներ և շրջանակներ, որոնք պատրաստ են կոմպրոմիսներ փնտրել, ինչպես նաև կարող են համոզել ռազմա-քաղաքական ազդեցիկ ուժերին՝ գնալ պատերազմը կանգնեցնելու և ԱՄՆ-ի առաջարկություններն ընդունելու ճանապարհով»: