Իշխող ուժը ժողովրդին համոզում է, թե խաղաղություն են բերել, Փաշինյանն էլ պնդում է, որ այն հաստատված խաղաղություն է, քանի որ սահմանին կրակոցներ չկան։ Թարմացնելով իշխանականների եւ ժողովրդի հիշողությունը՝ նշենք, որ Հայաստանի եւ Ադբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից օրեր անց Ալիեւը հայտարարեց, որ հայերը դեռեւս «տնային առաջադրանք» ունեն կատարելու․ մինչեւ ՀՀ սահմանադրությունը չփոխեն՝ խաղաղություն չի լինի։
Հայաստանի քաղաքական օրակարգում Սահմանադրության փոփոխության թեման վերջին շրջանում առաջնագծում է՝ հենց արտաքին ճնշումների համատեքստում։
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը մեզ հետ զրույցում ընդգծում է, որ թեև իշխանությունը դեռևս 2018-ից իր օրակարգում ունեցել է սահմանադրական փոփոխությունները, սակայն իրավիճակը էականորեն փոխվել է այն պահից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «խաղաղության պայմանագրի» նախապայմաններից մեկը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։
Մելոյանի դիտարկմամբ՝ հենց այդ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց ոչ թե պարզապես փոփոխություններ անել, այլ ամբողջությամբ նոր Սահմանադրութուն գրել։
«Եթե խնդիրը վերաբերում է Անկախության հռչակագրին հղումից հրաժարվելուն, ապա դա հնարավոր չէ իրականացնել պարզապես սահմանադրական փոփոխություններով․ դրա համար անհրաժեշտ է նոր Սահմանադրություն»,- նշում է Մելոյանը՝ ընդգծելով, որ սա իրավականորեն հստակ տարբերություն է։
Նրա գնահատմամբ՝ Ալիևի «տնային առաջադրանքի» մասին հայտարարությունները ուղիղ կապ ունեն այս գործընթացի հետ։ «Այն, ինչ այսօր ներկայացվում է որպես բարեփոխում, իրականում կարող է լինել արտաքին պահանջի կատարում»,- շեշտում է սահմանադրագետը։
Մելոյանը նաև կտրուկ է գնահատում իշխանության «խաղաղության» հռետորաբանությունը՝ այն որակելով որպես «սին և անհիմն»։ Նրա խոսքով՝ իրական խաղաղությունը չի կարող կառուցվել միակողմանի զիջումների վրա, առավել ևս՝ երբ հակառակ կողմը շարունակաբար նոր նախապայմաններ է առաջադրում։
Նա ուշադրություն է հրավիրում նաև տարածքային հարցերի վրա՝ մասնավորապեսանկլավների թեմայի։ Մելոյանի խոսքով՝ Տիգրանաշենի հնարավոր փոխանցումը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ այդ հատվածով անցնում է ռազմավարական նշանակության ճանապարհը դեպի Իրան։
«Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ նախ ստորագրվում են փաստաթղթեր, իսկ հետո միայն մտածվում դրանց հետևանքների մասին»,- նշում է նա՝ քննադատելով իշխանության մոտեցումը։
Սահմանադրագետի եզրակացությունը հստակ է․ այսօր շրջանառվող «խաղաղությունը» չի կարող դիտարկվել որպես կայացած իրողություն, քանի դեռ այն ուղեկցվում է նորանոր պահանջներով և չի ապահովում իրական երաշխիքներ Հայաստանի համար։