Սյունիքի քաղաքական կյանքում տարիներ շարունակ ձևավորվել է մի պատմություն, ըստ որի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ներկայացվում է իբրև սկզբունքային ընդդիմադիր գործիչ։ Սակայն իրական քաղաքականությունը հաճախ բացահայտվում է ոչ թե հնչող խոսքերով, այլ մի քանի վայրկյանանոց դրվագներով, որոնք շատ ավելի խոսուն են լինում։ Երեկ տեղի ունեցած միջոցառման ժամանակ կրկին տեսանք մի տեսարան, որը շատերի մոտ առաջացրեց նույն հին հարցը․ արդյո՞ք հրապարակային հռետորաբանությունն ու իրական վարքագիծը նույնն են։ Մինչ տարիներով փորձ է արվում ներկայացնել իշխանության դեմ կոշտ պայքարի պատկեր, երեկ Առուշ Առուշանյանը, առիթը բաց չթողեց մոտենալ և ձեռք սեղմել Նիկոլ Փաշինյանին։ Հերթական տեսարանը հերթական անգամ շատերի համար դարձավ խորհրդանշական։ Մեկ կողմից՝ տարիներ առաջ իշխանությանը ուղղված սուր հայտարարություններ, մյուս կողմից՝ առաջին հնարավորության դեպքում ջերմ ժպիտ և ձեռքսեղմում նույն իշխանության ղեկավարի հետ։
Փաշինյանի համար Առուշանյանն իհարկե վտանգ չներկայացնող շարքային համայնքապետ է։ Կառավարության ղեկավարը հստակ գիտի, որ Առուշանյանի երբեմնի ընդդիմադիր կեցվածքը խաղ է եղել, և դա էր պատճառը, որ վարչապետը նույնիսկ դժվարությամբ էր հիշում նրա անունը։ Բայց իհարկե Առուշանյան Առուշի համար դա կարծես որևէ նշանակություն չուներ․ կարևորը պահը բաց չթողնելն էր և Փաշիննաի լայվում հայտնվել էր։
Սյունիքի նման ռազմավարական տարածաշրջանում մարդիկ սպասում են ոչ թե դերակատարում կամ քաղաքական ներկայացում, այլ հստակություն և սկզբունքայնություն։ Երբ քաղաքական գործիչը մի օր հանդես է գալիս որպես կոշտ ընդդիմադիր, իսկ հաջորդ օրը նույն իշխանության հետ ժպիտով կանգնում տեսախցիկների առաջ, դա անխուսափելիորեն հարցեր է առաջացնում։ Սյունիքը արժանի է քաղաքականության, որտեղ խոսքն ու գործը համընկնում են։ Որտեղ սկզբունքները չեն փոխվում իրավիճակից կախված։ Իսկ մինչ այդ նման տեսարանները շարունակելու են մարդկանց հիշեցնել, որ երբեմն մեկ ձեռքսեղմումը կարող է շատ ավելին ասել, քան երկար տարիների քաղաքական հայտարարությունները։ Հանրության լայն շրջանակի մոտ պարզ հարց է հնչում, արդյո՞ք ավելի վտանգավոր չեն ծպտյալ նիկոլականները, քան ուրախ ավտոբուսի մշտական շահառուները, որոնք վաղուց ցույց են տվել իրենց էությունը։ Քաղաքականությունում չսկզբունքայնությունը նորաձև է, գոնե այնքան ժամանակ, քանի դեռ փոքրաթիվ «սաստավի» մոտ կարող ես քեզ «կինոյի տղու» տեղը դնել։ Բայց, ոչ բոլորն ֆիլմերն են արժանի ծափահարությունների։
Irakanum.am