00:00:00

«Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ»

08:41, 14 փետրվար 2026 Մամուլ

 

«Փաստ» թերթը գրում է. ««Մեր ձևով» շարժումը բավականին սահուն և բնականորեն տրանսֆորմացվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության: Այն, միանգամայն կանխատեսելիորեն, գլխավորեց ազգային բարերար, հանիրավի կալանավորված և իշխանությունների կողմից տակավին հետապնդվող Սամվել Կարապետյանը:

 

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ նախօրեին տեղի ունեցած պաշտոնական շնորհանդեսը, պետք է նկատել, իսկապես տպավորիչ էր: Ու ոչ միայն այն առումով, որ կուսակցության շնորհանդեսը, իսկ ավելի պարզ ասած՝ առաջիկա համապետական ընտրություններին մասնակցելու հայտը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում ներկայացվեց: Բացի այդ, նկատվեց գրեթե անթերի կազմակերպչական մոտեցում, ի լրումն՝ «Ուժեղ Հայաստանը», ի դեմս իր առաջնորդ Սամվել Կարապետյանի, ներկայացավ քաղաքական ու տնտեսական հստակ և ընկալելի մոտեցումներով: Ակնհայտ դարձավ, որ քաղաքական դաշտ ու հընթացս ընտրապայքարի մեջ է մտնում մի ուժ, որը հավակնում է դառնալ հիմնական լոկոմոտիվներից մեկը, ներկայացնել համակարգային այլընտրանքային մոտեցումներ՝ ստեղծված ծանրագույն վիճակից: Մի խոսքով, անկախ քաղաքական կամ այլ նախընտրություններից, նույնիսկ իշխանական ու մերձիշխանական շրջանակները պարզորոշ տեսան, որ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» հերթական ընդդիմադիր նախագիծ չէ, այլ իշխանության կոնկրետ հավակնորդ:

 

Ու այն, որ իշխանական շրջանակները դա բոլորից շուտ հասկացան, հրաշալի երևաց նրանց պահվածքից ու արձագանքներից, որոնց դեռ կանդրադառնանք:

 

«Ուժեղ Հայաստանի» հիմնական ուղերձը («մեսիջը») չափազանց պարզ է. կուսակցությունը ներկայանում է որպես «երրորդ ճանապարհ»՝ չշաղկապվելով, այսպես ասենք, «նախկինների» հետ, միաժամանակ՝ հստակորեն մերժելով գործող իշխանություններին, նրանց ձախողակ մոտեցումները՝ դրանց հետևանքներով հանդերձ: Բայց ամենից կարևորը՝ «Ուժեղ Հայաստանը» երկրի հանրությանը ներկայանում է միանգամայն ընկալելի, հստակ առաջարկներով, հատկապես՝ ազգային ու արժեքային մոտեցումների, առավել ևս՝ տնտեսական առումներով:

 

«Տնտեսության վիճակը կարելի է բնորոշել 1 նախադասությամբ. աղքատ ենք ու խրված պարտքերի մեջ»,-կուսակցության շնորհանդեսի կապակցությամբ ԱԲ-ի միջոցով հրապարակված տեսաուղերձում նկատեց Սամվել Կարապետյանը՝ նախանշելով քայլերը, որոնց միջոցով հնարավոր է Հայաստանն ու ժողովրդին հանել այս թույլ ու անհեռանկար կացությունից:

 

Կարճ ասած՝ «Ուժեղ Հայաստանի» մուտքը կամ ընտրություններին ընդառաջ ներկայացրած հայտը բավական տպավորիչ է:

 

Ինքնին ենթադրելի էր, որ կուսակցության լիդերը կնշվի՝ որպես վարչապետի թեկնածու: Դատելով արձագանքներից՝ դա շատշատերի համար անսպասելի էր: Իսկ ամենից անսպասելին, վստահաբար, իշխանության համար էր:

 

Այն աստիճան, որ «Ուժեղ Հայաստանի» շնորհանդեսից անմիջապես հետո՝ նույնիսկ դեռ միջոցառումը չավարտված, Փաշինյանի ու նրա ՔՊ-ի դրսևորած պահվածքն այլ կերպ, քան համակողմանի խուճապ, դժվար է բնորոշել: Թեպետ, ինչու է դժվար. դա հենց ամենաիսկական խուճապ էր: Իշխանական կարկառուններն ու ոչ այնքան կարկառունները խուճապահար գրառումներով կարկտահարեցին սոցցանցերի «պատերը»:

 

Իշխանության ներկայացուցիչների նման ռեակցիան և խուճապն ունեն իրենց պատճառներն, անշուշտ: Նրանք տեսան այն, ինչը արդեն կես տարի ձգտում էին ձախողել: Այն է՝ քաղաքական դաշտում ռեսուրսային և կազմակերպչական լուրջ ներուժով դերակատար, որը կարող է շատերին արագորեն միավորել:

 

Ի լրումն, այն դրական իմիջի վրա է գալիս, ավելին՝ գալիս է, չնայած քաղաքական բռնաճնշումներին, հալածանքներին, ապօրինի սեփականախլմանն ու իշխանական մնացյալ այլանդակություններին: Ու գալիս է քաղաքական, տնտեսական, անվտանգային հստակ, շատերին ընկալելի օրակարգով: Այն գլխավորում է լիդեր, ով իր կյանքով և գործունեությամբ ապացուցել է, որ կարող է անել, որ իր ասածին տեր է:

 

Անդրադարձն ամբողջական չէր լինի, եթե շրջանցեինք այն զավեշտական երևույթը, երբ Փաշինյանի ՔՊ-ն ու իրենց սատելիտները նետվեցին… պաշտպանելու Սահմանադրությունը: Թե բա՝ «Սահմանադրությամբ վարչապետի համար ներկայացվող պահանջներին Սամվել Կարապետյանի տվյալները չեն համապատասխանում… … ինչպե՜ս կարելի է»: Մի շարք իրավաբաններ ու փորձագետներ, հարկավ, մեկնաբանեցին, թե ինչպես է հնարավոր կամ կարելի: Բայց դա դեռ դնենք մի կողմ:

 

Ախր, ո՞վ, ովքե՞ր են խոսում, համարձակվում ծպտուն հանել ու դեռ «Սահմանադրություն» բառն արտասանել: Այդ նույն Սահմանադրությունը, ըստ իրենց քմահաճության, արդեն 8 տարի տրորողնե՞րը: Ապօրինություններից ցեխոտ, պարգևավճարումներից գիրացած ոտքերով կանգնել են իրենց իսկ պատառոտած Սահմանադրության վրա ու սահմանադրականությունից են խոսո՞ւմ:

 

Այսինքն, ՔՊ-ն ու Փաշինյանը գիտեն, որ ոչ միայն կա Սահմանադրություն, այլև այդ «Մայր օրենքում» պահանջներ կան: Իսկ ի՞նչ է, ՍԴ կազմը Սահմանադրության համաձա՞յն էին կամայական փոխում, դատարանները սահմանադրորե՞ն էին շրջափակում, ԱԺ-ի վրա սահմանադրորե՞ն էին հարձակվում: Ըստ Սահմանադրությա՞ն են Փաշինյանն ու ՔՊ-ն Հայաստանի տարածքները «սահմանազատմամբ» զիջել թշնամուն, Սահմանադրությա՞մբ են Գորիս-Կապանն ու Շուռնուխի կեսը տվել թշնամուն: Թե՞ Սահմանադրության համաձայն են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա: Իրականում Սահմանադրությունը կտրականապես նշում է, որ իշխանությունն իրավունք չունի միջամտել Եկեղեցու ինքնավար խնդիրներին: Իսկ Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն 10 ամիս է, ինչ կոպտորեն խախտում են Սահմանադրության այդ կետը ևս:

 

Էնպես որ, ով՝ ով, բայց ՔՊ-ն ու սատելիտները հաստատ ոչ մի տեղ չունեն Սահմանադրությունից խոսելու: Հա, ու երևի քպականները շատ են նեղվել, որ Հայաստանի Սահմանադրությունը կարող են փոխել հայաստանյան քաղաքական ուժերը, այլ ոչ թե Ալիևն ու վերջինիս պահանջով՝ ՔՊ-ն»։

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր