00:00:00

Համալիր փորձաքննություններն արհեստական բանականությունով պետք է անենք. շուտով ավելի մեծ սուպեր համակարգչային կարողություններ ենք ունենալու. Նիկոլ Փաշինյան

17:25, 03 փետրվար 2026 Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը և իրականացված աշխատանքները քննարկելու նպատակով։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարության` 2025 թ․ գործունեության առաջնահերթ ուղղությունները՝ համապարփակ կերպով անդրադառնալով այդ ուղղությունների շրջանակում սահմանված արդյունքային ցուցանիշների ապահովման գործընթացին և արձանագրված առաջընթացին:

Նախարարը նշել է, որ հաշվետու տարում նախարարության գործունեության հիմնական առաջնահերթություններն են եղել ոլորտային գործընթացների թվայնացումը, ֆիսկալ կայունության ապահովումը և պետական բյուջեի ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումը։ Նախարարի խոսքով՝ նշված ուղղություններով իրականացվել են համակարգային և նպատակային միջոցառումներ, որոնք միտված են եղել պետական ֆինանսների կառավարման գործիքակազմի կատարելագործմանը, գործընթացների թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդմանը, ինչպես նաև պետական միջոցների առավել թիրախային և արդյունքահեն օգտագործմանը։

Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով թվայնացման գործընթացին՝ ընդգծել է, որ այն նախորդիվ համարվել է և շարունակելու է համարվել առաջնահերթություն: Երկրի ղեկավարի խոսքով՝ թվայնացում ասելով պետք է հասկանալ նաև արհեստական բանականության ներդրումը: «Մենք կոնկրետ մեր նախագծերի համալիր փորձաքննություններն արհեստական բանականությունով պետք է անենք, որովհետև եթե շինարարության փուլում ենք հասկանում, որ մեր նախագծում պրոբլեմ կա, նշանակում է՝ չենք կարողացել այդ նախագիծը կարդալ կամ կարդացել ենք՝ չենք հասկացել, հակառակ դեպքում հենց նախագծման փուլում կիմանայինք, որ մեր նախագծում պրոբլեմ կա։ Մենք այժմ սուպեր համակարգիչ էլ ունենք, շուտով ավելի մեծ սուպեր համակարգչային կարողություններ էլ ենք ունենալու։ Պետք է այս հնարավորություններից օգտվենք՝ մեր կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի դիտարկմամբ՝ արհեստական բանականությունը հնարավորություն է այսօր լուծելու բազմաթիվ խնդիրներ։

«Մեր պետական համակարգում կան բազմաթիվ ծառայություններ և ստորաբաժանումներ, որոնց գործը մոնիտորինգ անելն է։ Մոնիտորինգի ամբողջ գործառույթները կարելի է դնել արհեստական բանականության վրա, որովհետև դա այն բանն է, որ հաստատ ոչ մեկ ավելի լավ չի կարող անել, որովհետև մոնիտորինգը նշանակում է ուշադրություն տեղի ունեցող պրոցեսների նկատմամբ, իսկ մարդկային մոնիտորինգը միշտ ինչ-որ բան աչքից բաց է թողնելու: Հետևաբար՝ մենք կարող ենք այսպիսի խնդիր դնել, որ որտեղ մոնիտորինգն արվում է, արվի միայն արհեստական բանականության գործիքով: Այսինքն՝ խնդիրն առաջադրվում է և արհեստական բանականությունն է անում»,– նշել է երկրի ղեկավարը։

Զեկուցվել է, որ մեկնարկել են գնումների նոր էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները, որով նախատեսվում է ապահովել ընթացակարգերի լիարժեք թվայնացում, գնումների քաղաքականության բարելավում, թափանցիկության բարձրացում։ Զեկուցվել է նաև, որ հաշվետու տարում կրճատվել է նաև պետական կառավարաման համակարգի կողմից 1 անձից գնումների ծավալը։ Վարչապետը հետաքրքրվել է Գնումների էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացից, ինչին ի պատասխան փոխնախարար Ավագ Ավանեսյանը պատասխանել է, որ այն կգործի 2027 թվականին: «Համակարգն աշխատելու է 10 տարի: Մենք այս անգամ ոչ թե ձեռք ենք բերել համակարգ, որը հետո պետք է սպասարկվի, այլ ամբողջական փաթեթն ենք ձեռք բերել։ Այսինքն՝ մենք ասում ենք, որ 10 տարի պետք է անընդհատ համակարգն աշխատի»,- ասել է փոխնախարարը:

Նիկոլ Փաշինյանը հարցրել է՝ համակարգի պայմաններում շրջանառության մեջ թուղթ լինելո՞ւ է: Փոխնախարարը պատասխանել է, որ գրեթե բացառվում է: «Իմ կանխավարկածը միշտ եղել է այն, որտեղ մենք ասում ենք թվայնացված՝ նշանակում է այդտեղ թուղթ չկա, բայց հետո պարզվել է, որ երբեմն ունենում ենք թվային և զուգահեռ թղթային: Այսինքն՝ թվայինն ամբողջական կա, բայց միևնույն է, նույնը կարելի է անել թղթային տարբերակով: Դրանով, իմ կարծիքով, մենք թվայնացման մոտիվացիան, արդյունավետությունը և ծախսի արդյունավետությունը նվազեցնում ենք: Որտեղ ասում ենք թվայնացում, հատկապես՝ եթե խոսքը գնում է գնումների մասին, պետք է թղթայինը բացառվի, որովհետև թվայնացում նշանակում է ավելի լավ հետագծելիություն, թափանցիկության ավելի մեծ համակարգ և այլն», - ասել է վարչապետ Փաշինյանը։

Ներկայացվել են մակրոտնտեսական և հարկաբյուջետային հիմնական ցուցանիշները, քննարկվել են դրանց բարելավման ուղղությամբ իրականացվելիք հետագա աշխատանքների ուղղությունները:

Կարևորվել է պետական ֆինանսների կառավարման միասնական հարթակի ներդրումը, որը հնարավորություն կտա բարձրացնելու պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը, արագացնելու գործընթացները և ներդնելու վերահսկողության ինքնաշխատ մեխանիզմներ:

Նշվել է նաև արհեստական բանականության պիլոտային ծրագրի գործարկման հնարավորությունների մասին, որը կներդրվի գանձապետական համակարգում վերլուծական նպատակով:

Ներկայացվել են հարկային քաղաքականության նոր հայեցակարգի ուղղությամբ իրականացված աշխատանքները, որոնք միտված են Հայաստանի Հանրապետությունում հարկային քաղաքականության փոփոխությունների առաջիկա փուլի տեսլականի նախանշմանը, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների համար արդար, մրցակցային և կայուն հարկային միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև ազգային տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանն ուղղված քաղաքականության շարունակմանը՝ հիմքում ունենալով տնտեսության զարգացման գնահատված առաջնահերթություններն ու հնարավորությունները:

Քննարկվել են նաև բյուջետային համակարգի կատարելագործման, ճկունության և հաշվետվողականության ուղղությամբ կատարված քայլերը:

Նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության ինստիտուցիոնալ զարգացման ուղղությունները՝ մասնավորապես անդրադառնալով միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող ռազմավարական պլանավորման` նպատակներ և հիմնական արդյունքներ (ՆՀԱ) և կատարողականի հիմնական ցուցիչներ (ԿՀՑ) համակարգերի ներդրմանը, ինչպես նաև հայտնել ուսուցողական կազմակերպություն դառնալու ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է դառնալ բարձր արդյունավետ, ինքնազարգացող և ուսուցվող կազմակերպություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր