00:00:00

Անմտություն է ասել, թե ՌԴ-ն ձգտում է ազդեցության, իսկ Արևմուտքը կամ ցանկացած այլ ուժային խաղացող ձգտում է ՀՀ-ն դարձնել ինքնիշխան ու անկախ. Բադալյան

14:45, 20 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է. «Առնվազն տարրական անմտություն է ասել, թե Ռուսաստանը, օրինակ՝ ձգտում է Հայաստանի հանդեպ ազդեցության, իսկ ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, ԵՄ-ն, կամ ցանկացած որեւէ այլ ուժային խաղացող ձգտում է Հայաստանն ինքնիշխան ու անկախ դարձնել:

Սա ոչ միայն անմտություն է, այլ նաեւ անլրջություն՝ այդ թվում առաջին հերթին հենց այդ կենտրոնների հանդեպ, հետո, իհարկե, Հայաստանի հանրության, Հայաստանի քաղաքացու:

Անմտություն ու անլրջություն, որովհետեւ ցանկացած աշխարհաքաղաքական խաղացող ձգտում է ավելի փոքր տրամաչափի պետությունների ներառել իր քաղաքական, տնտեսական, ռազմական եւ, ընդհանրապես, համապարփակ ազդեցության գոտի:

Հետեւաբար, եթե, օրինակ, որեւէ մեկն ասի, թե ավելի լավ է լինել ԱՄՆ ազդեցության գոտում, կամ ԵՄ ազդեցության գոտում, որովհետև այսպես, այսպես, եւ այսպես, դա, իհարկե, կարող է լինել քննարկման առարկա՝ ըստ բովանդակության, բայց, անկասկած, կլինի Հայաստանի քաղաքացու հանդեպ առավել ազնիվ ու անկեղծ:

Բայց երբ ամերիկյան, եվրոպական, բրիտանական, որեւէ այլ աշխարհաքաղաքական կենտրոնի ազդեցության մասին խոսում են ինքնիշխանության ու անկախության մասին բաժակաճառերով, դա պարզապես ծայրահեղ անազնիվ է լսարանի հանդեպ:

Կրկնեմ, որովհետեւ ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոն չի առաջնորդվում ինչ-որ վերամբարձ բաներով: Բոլորի խնդիրն էլ սեփական քաղաքական, տնտեսական, մշակութայի, ռազմական եւ հնարավոր այլ տիպի ազդեցության գոտին ընդլայնելն է, կամ գոնե աշխարհաքաղաքական այս կամ այն մրցակցի հանդեպ խնդիրներ լուծելու բուֆերային գոտի ստանալը, ինչը եւս բնականաբար պահանջելու է ազդեցություն:

Հայաստանի քաղաքացին, իհարկե, ունի իրավունք որոշելու, որ ուզում է ապրել ազդեցության այս կամ այն գոտում: Այստեղ էլ որեւէ որոշում կարող է լինել քննարկման առարկա, բայց գոնե պարզ կլինի, որ մարդն ինչ-որ հեքիաթների կամ պատրանքների ազդեցության տակ չէ եւ գիտե, որ հարցը այս կամ այն ազդեցության գոտի «ընտրելն» է, եթե Հայաստանի Հանրապետության անելիքը դիտարկում ենք աշխարհաքաղաքական կենտրոնների միջեւ: 

Բայց կա նաեւ այլ տարբերակ՝ Հայաստանի անելիքը դիտարկել ոչ թե աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնի միջեւ ընտրելը, այլ, նկատի ունենալ հենց այն, որ այդտեղ չկա ինքնիշխանության ու անկախության հարց կամ բանաձեւ: Ըստ այդմ, գալ այն մտայնության, որ ինքնիշխանության ու անկախության հարցի լուծումը կախված է բացառապես ներքին ընտրությունից, ոչ թե արտաքին:

Ներքին ընտրություն՝ հասարակական համակեցության փոխադարձաբար ընդունելի կանոնների, մշակույթի, մրցակցության բանաձեւերի շուրջ պայմանավորվածությունների, դրանց՝ օրենսդրական ու սահմանադրական փաթեթի վերածելու հարցում: Ներքին ընտրություն՝ էֆեկտիվ կառավարման մոդելների, աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հանդեպ դիրքավորման, վերաբերմունքի, ընկալումների հարցում որոշակի ունիվերսալ եւ համաչափ մոտեցումների մշակման, որոնք հիմնված կլինեն Հայաստանի այդ ներքին միջավայրի շուրջ համաձայնությունների առավելագույնս համաչափ պաշտպանության տրամաբանությամբ:

Այստեղ են ինքնիշխանության բանաձեւերը, հետեւաբար, հանրությունը հենց այս հարցերի շուրջ խոսակցությամբ է, որ պետք է գնահատի այս կամ այն քաղաքական առաջարկ՝ զերծ մնալով տարատեսակ քարոզչական մանիպուլյացիաներից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր