Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում արել է մեկ այլ վտանգավոր հայտարարություն, կապված այն հանգամանքի հետ, թե՝ «ոչ մեկը չգիտեմ, թե ինչպես է ֆինանսավորվում Հայ Առաքելական եկեղեցին, որտեղից են գալիս, ինչպես են ծախսվում փողերը»:
Եթե վաղը Ադրբեջանից օրինակ որեւէ մեկը Հայ Առաքելական եկեղեցուն սկսի մեղադրել ինչ որ ֆինանսական մեքենայությունների կամ հանցավոր մեխանիզմների համար, պետք չէ զարմանալ՝ «փոխանցումը» կատարել է Հայաստանի վարչապետը:
Այսպիսի հայտարարությունները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը գործնականում այս հարցում չունի որեւէ «կարմիր գիծ»:
Եվ սա այն պարագայում, որ Հայ Առաքելական եկեղեցու ֆինանսները գուցե չեն ենթարկվում հանրային հաշվետվողության, բայց պետությունն իր հատուկ ծառայություններով անկասկած ի զորու է լիովին տիրապետել պատկերին: Այո, գուցե հանրային թափանցիկության կամ հաշվետվողականության հարցում կարող է լինել մեխանիզմների վերանայման խնդիր: Կրկնեմ՝ գուցե, որովհետեւ ինքս համարում եմ, որ զուտ հանրային թափանցիկության իմաստով եկեղեցու ֆինանսական կենսագործունեության «պատսպարվածությունը» բխում է այն բավականին բարդ խնդիրներից, որ լուծում աշխարհասփյուռ ՀԱԵ-ն:
Բայց, որեւէ պարագայում, բարձրաձայնել հրապարակավ, թե ոչ մեկը չգիտե՝ որտեղից է գալիս փողը եւ ուր է գնում, նշանակում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ գրոհի հրավիրել արտաքին մի շարք ուժերի, այդ թվում տալ նոր գրոհների նպաստավոր պայմաններ նրանց, որոնք արդեն իսկ զբաղված են այդ գործով»: