00:00:00

ԵՄ-ն կշարունակի ջանքերը՝ նպատակ ունենալով պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղություն

15:17, 03 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ներկայացրել են, թե  ի՞նչ է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը։

Փաստաթուղթը ստորագրվել է դեկտեմբերի 2-ին՝ Բրյուսելում, ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում։

Ի թիվս այլ այլ դրույթների, որպես առաջնահերթություն նշված է նաև արտաքին և անվտանգության քաղաքականությունը։

«Կշարունակեն ամրապնդվել ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության, այդ թվում՝ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շուրջ քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը։

Այս համագործակցությունը կներառի տարածաշրջանային անվտանգությունն, անվտանգության ոլորտի բարեփոխումները, ճգնաժամերի կառավարումն, ահաբեկչության դեմ պայքարը, կիբեռանվտանգությունը և հիբրիդային սպառնալիքները, ներառյալ՝ արտաքին տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության դեմ պայքարը՝ միաժամանակ ապահովելով համապատասխանությունը «Կանայք, խաղաղություն ու անվտանգություն» օրակարգով ստանձնված հանձնառություններին։

Համագործակցությունը հիմնված կլինի ընդհանուր արժեքների վրա, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի նպատակներին ու սկզբունքներին հավատարմությունը։

Դրա նպատակը կլինի բարձրացնել քաղաքականության համաձայնեցվածությունն ու արդյունավետությունը՝ օգտագործելով երկկողմ, բազմակողմ և տարածաշրջանային ֆորումները և պահպանելով միջազգային իրավունքի հիման վրա գործող կանոնահեն միջազգային կարգը։

 Տարածաշրջանում հարաբերությունների կարգավորում

Կարճաժամկետ առաջնահերթություններ

• Շարունակել ԵՄ ջանքերը՝ նպատակ ունենալով պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղություն՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի։

• Աջակցել Արդարադատության միջազգային դատարանի բոլոր համապատասխան որոշումների լիարժեք, անհապաղ և արդյունավետ կատարմանը։

• Շարունակել հանդես գալ ի պաշտպանություն հայ բանտարկյալների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման և ջանքեր գործադրել կարգավորելու չլուծված մարդասիրական խնդիրներն, այդ թվում՝ անհետ կորած անձանց ճակատագիրը և բռնի անհետացումները՝ որպես վստահության ամրապնդման միջոցներ։

• Շարունակել աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը և խրախուսել երկու պետությունների միջև սահմանի ամբողջական բացման ուղղությամբ արդեն ձեռք բերված համաձայնությունների իրականացումն, այդ թվում՝ կանոնավոր քաղաքական երկխոսության և համապատասխան շահագրգիռ կողմերի ներգրավման միջոցով։

• Աջակցել տարածաշրջանում ներառական տարածաշրջանային տրանսպորտային կապի զարգացմանը երկրների ինքնիշխանության և ազգային իրավազորության շրջանակում, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքներին համապատասխան, որը նաև ընկած է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում։

• Աշխատանքներ տանել գենդերային հարցերը հիմնական ուղղություն դարձնելու և հակամարտությունների կարգավորման ու խաղաղության կառուցման, ինչպես նաև հաշտեցման և վերականգնման բոլոր միջոցառումներում կանանց, այդ թվում՝ հակամարտությունից տուժած կանանց և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների լիարժեք, հավասար, արդյունավետ և կառուցողական մասնակցության ապահովման ուղղությամբ։

Միջնաժամկետ առաջնահերթություններ

• Աշխատանքներ տանել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մշակման ուղղությամբ՝ ի նպաստ նրանց հասարակությունների միջև կայուն և երկարատև խաղաղության ու հաշտեցման։

• Նպաստել «խաղաղության դիվիդենտների» ապահովմանը Հայաստանում տարածաշրջանային կապի ներդրումային նախագծերի միջոցով, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հիմքում ընկած Հայաստանի նոր տարածաշրջանային քաղաքականության մոտեցման հավակնությունների հետ մեկտեղ՝ ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարությանը համապատասխան»,-նշված է փաստաթղթում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր