Մենք երբ եկանք, երեք առաջադրանք ունեինք՝ մեր ներկայությամբ հանդարտեցնել իրավիճակը, երկրորդ, մարդկանց մոտ առաջացնել անվտանգության զգացողություն և աջակցել վստահության բարձրացմանը։ Մենք կարողացանք կառավարել բնակչության ակնկալիքները. բոլորը մտածում էին, որ մենք պաշտպանական ուժ ենք, ԵՄ–ի պաշտպանիչ ուժն ենք, որը գալիս է պաշտպանելու Հայաստանը. մենք հստակեցրեցինք, որ դա չէ մեր գործառույթը։ Այս մասին այսօր «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր խոսքում նշել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
«Ադրբեջանի հետ աշխատանքը այնքան էլ հաջող չի գնացել։ Մենք աշխատում ենք սահմանամերձ հայկական բնակչության ուղղությամբ։ Մենք փորձում ենք 170 ՀԿ–ների հետ աշխատել, կանոնավոր կապեր ունենք նրանցից մի քանիսի հետ։ Մենք անցյալ տարեվերջից սկսել ենք այցելել սահմանամերձ դպրոցներ՝ եվրոպական գաղափարախոսությունը ներկայացնելու։ Շատերը պատկերացում չունեն, թե ինչ է ԵՄ–ն, իսկ եթե ունեն էլ, դա ռուսական հեռուստատեսության հեռարձակումների վրա է ձեւավորվել։ Մենք փորձել ենք դա մի քիչ իրականությանը մոտեցնել։ Տեսնում ենք, որ հատկապես երիտասարդները հետաքրքրվում են, թե ԵՄ–ն ինչու է ստեղծվել։
ԵՄ անդամ լինել կամ այդ գաղափարի օրինակով գնալ չի նշանակում հրաժարվել ձեր երկրի ազգային ինքնությունից, ձեր մշակույթից։
Մենք փորձում ենք սահմանամերձ գյուղերի երիտասարդներին ասել, որ եթե երկու կողմերում լինի կամք, կարող է լինել խաղաղ ապագա, սահմաններ, որոնք ոչ թե կբաժանեն, կառանձնացնեն, այլ որոնք կկապակցեն, որից կշահեն երկու կողմերն էլ»,–ասել է նա։