ՀՀԿ խմբակցության երկու պատգամավորներ՝ Արթուր Գեւորգյանն ու Շիրակ Թորոսյանն այսօր հայտարարել են ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին։ Ու եթե Շիրակ Թորոսյանի հեռացումը խմբակցությունից սպասելի էր, այն առումով, որ ՀՀԿ-ի ներսում ընդհանուր տրամադրվածություն կար նրան հեռացնելու, ապա նույնը չի կարելի ասել Գեւորգյանի մասին։ Արթուր Գեւորգյանը չնայած պատգամավորական անգործությանը լուրջ կշիռ էր ՀՀԿ-ում, լինելով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան։ Հիշեցնենք, որ Արթուր Գեւորգյանը խորհրդարանում հայտվեց այն բանից հետո, երբ Արման Սահակյանը չվերցրեց պատգամավորական իր մանդատը, եւ նախընտրեց շարունակել աշխատել գործադիրում, որտեղ հիմա այլեւս չի աշխատում։
Արթուր Գեւորգյանի հեռացումը խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն որպես մեծամասնություն խորհրդարանում այլեւս դե ֆակտո գոյություն չունի։ Ի դեպ ուշագրավ է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը։ Արթուր Գևորգյանի և Շիրակ Թորոսյանի հայտարարություններից հետո լրագրողները Շարմազանովից հետաքրքրվել են՝ արդյո՞ք վտանգ չկա, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում փոքրամասնություն կդառնա: Շարմազանովն ասել է, թե այս պահին նման ինֆորմացիա չունեն:Նկատենք, որ ՀՀԿ մամլո խոսնակը չի շտապել նախկինի նման պնդել, որ կուսակցությունը կուռ է, որ չկա պառակտվածություն։ Ինֆորմացիայի բացակայության մասին Շարմազանովի դիտարկումը վկայությունն է այն մասին, որ կուսակցության, այդ թվում եւ խմբակցության ներսում չկա համախմբվածություն։
ՀՀԿ-ն հեռանում է քաղաքականությունից։ Սակայն այս դեպքում, ոչ թե սեփական կամքով, այլ իրավիճակի փոփոխության արդյունքում։
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՀՀԿ խմբակցության կազմաքանդման գործընթացի արագությունը կախված է Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, ավելի պարզ` ԱԱԾ իրականացրած հակակոռուպցիոն գործողություններից։ Թե մինչեւ ուր կհասնեն ԱԱԾ բացահայտումները, եւ դեռ ովքեր կհայտվեն վտանգավոր գոտում դժվար չէ ենթադրել։ Սերժ Սարգսյանի թիմում խուճապ է, ինչը կարող է շատ արագ հանգեցնել այն իրավիճակին, որ ներկայումս խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն մինչեւ արտահերթ ընտրություններ դառնա փոքրամասնություն՝ լիարժեք ստանալով ընդդիմադիր կարգավիճակ։
Irakanum.am