Այսօր՝ մայիսի 28-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes E300» մակնիշի ավտոմեքենան և «TVS» մակնիշի մոտոցիկլը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Մոտոցիկլավարին առաջինը օգնության են հասել «Mercedes»-ի վարորդը, քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ներքին գործերի նախարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի և նույն վաշտի ավագ պարեկ Իլյա Սարգսյանի գլխավորությամբ:
Այս պահին նույն վաշտի պարեկներ Պետրոս Հովհաննիսյանն ու Վարուժ Խուդավերդյանը տարածքը սահմանազատել են, քանի որ բախման հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի գլխավորությամբ: