Հայաստանը հստակորեն նախանշել է առաջ շարժվելու ուղին, հաղթահարել առճակատումը և խորացնել համագործակցույթունը, ամրապնդել կապակցվածությունը և խթանել կայուն տնտեսական աճը, բարելավել հարմարվողականությունը և նորարարությունը, ամրապնդել ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը՝ կենտրոնանալով մարդկային կապիտալի զարգացման վրա, «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի մեկնարկին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր տարածաշրջանում մենք վճռորոշ ընտրություն ենք կատարում. կառուցել ապագա, որը ձևավորողը ոչ թե անցյալի վիրավորանքն է, այլ լավատեսությամբ և հույսով լի տեսլականը, որը խարսխված է իրական հնարավորությունների վրա։ Պատմությունը հայտնի է, այն չի կարող մոռացվել, այն չի կարող վերաշարադրվել։ Թեպետ սպիները մնում են և ամոքումն ընթացքի մեջ է, մենք պետք է առաջ շարժվենք դեպի ավելի լավ ապագա»,-ասաց Միրզոյանը։
Նա նշեց, թե խաղաղությունը հեշտությամբ չի տրվում, այն շարունակական գործընթաց է, որն առաջ է մղվում խիզախ դիվանագիտությամբ։
«Հայաստանի տեսլականը հստակ է՝ մեր հարևաններից երկուսի հետ հարաբերությունների կարգավորում, միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով և որևէ մեկի կողմից ներկայացվող տարածքային պահանջների անվերապահ մերժմամբ, ինչպես և մյուսների հետ ունեցած ավանդական, բարիդրացիական հարաբերությունների խորացմամբ»։