Այսօր նախատեսված Բաքու այցին ընդառաջ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքին, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին։
Նա հույս է հայտնել, որ կողմերի միջև խնդիրները կլուծվեն միջազգային իրավունքի հիման վրա։
«Առաջին քայլը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր կողմը բավարարվի իր ունեցածով և չպահանջի մյուսի հողը։ Հակամարտություն է առաջանում, երբ մի կողմը ցանկանում է գրավել մյուսի հողը։ Մեր դիրքորոշումն այն է, որ երկրների տարածքային ամբողջականությունը նրանց իրավունքն ու արտոնությունն է, և մենք պետք է հարգենք այն։ Մենք դա ընդունել ենք միջազգային իրավունքին համապատասխան և հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև այդ խնդիրները կլուծվեն միջազգային իրավունքը որպես հիմք ընդունելով»,- ասել է Իրանի նախագահը:
Փեզեշքիանը պատասխանելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին հարցին՝ ընդգծել է, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի դեպքում, իրանական կողմը կարծում է, որ խնդիր չի լինի, եթե այն չխախտի Հայաստանի միջազգային իրավունքներն ու տարածքային ամբողջականությունը։
«Իրանն Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով, այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում, և պայմանավորվածություն կա»,- ասել է Փեզեշքիանը: