00:00:00

Եկեք միասին սկսենք կերտել վաղվա Հայաստանը․ Արմեն Սարգսյան

14:49, 28 մայիս 2018

Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի և Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր միասին՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում նշում ենք Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանները: 100 տարի առաջ ցեղասպանություն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած մեր ժողովուրդը գերագույն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը: Թեև այն կարճ էր, և նրան բաժին էին ընկել բազմաթիվ խնդիրներ, այնուամենայնիվ առաջին հանրապետության հիմքի վրա հետագա տասնամյակներում զարգացան երկրի տնտեսությունը, կրթությունը, գիտությունն ու մշակույթը, ձևավորվեց կիրթ և բանիմաց հասարակություն, որն էլ 1991թ. հանգեցրեց նոր անկախության և նոր հաղթանակների: Այսօր մենք պարտավոր ենք առանձնահատուկ խորությամբ գիտակցել հայոց պետականության նշանակությունը։ Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների արդյունքում մենք ունենք կտրուկ մեկնարկի հնարավորություն, որի համար կան բավարար մարդկային և ինստիտուցիոնալ ռեսուրսներ: Պետք է մեկտեղենք այդ ռեսուրսները, պետք է գործենք ավելի օպերատիվ ու ճկուն, որովհետև բեկումնային ժամանակները թռիչքի հնարավորություն են ստեղծում: Ուրեմն, եկեք միասին սկսենք կերտել վաղվա Հայաստանը՝ գնահատելով ու շենացնելով այն Հայաստանը, որն ունենք այսօր: Ի սրտե շնորհավորում եմ մեր Հանրապետության տոնի և Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում և լավատեսություն: Կեցցե՛ն Հայաստանի և Արցախի հանրապետություները: Կեցցե՛ Սփյուռքը: Կեցցե՛ Հայաստանի քաղաքացին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր