ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը
Սիրելի հայրենակիցներ,
Առողջապահության նախարարության և իմ անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ:
1918 թվականին Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերն արժանի տեղ են զբաղեցնում մեր ժողովրդի պատմության հերոսական տարեգրության մեջ:
Մայիսի 28-ին հայը դարձավ պետության քաղաքացի: Սա դարձավ Հայաստանի Հանրապետության ծննդյան օրը, հայոց պետականության ամրապնդման հիմքը:
Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է, իսկ հաղթել կարող է միայն առողջ ազգը: Հաղթող ժողովրդին վայել է առողջ լինել, ուժեղ ժողովրդին հարիր է անհատականից մինչև պետական մակարդակ դիմակայել խնդիրներին: Միայն այդպես կարող ենք կերտել նոր հաղթանակներ և գնալ դեպի հուսալի ապագա:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս պետական տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու մեծագույն հաջողություններ: