00:00:00

Բաց նամակ ՀՀ վարչապետին Կադաստրի գործունեության վերաբերյալ

01:47, 27 մայիս 2018

Irakanum.am-ին են դիմել Անշարժ գույքի կադաստրի մի խումբ աշխատակիցներ, խնդրելով հրապարակել իրենց բաց նամակն ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Բաց նամակ ՀՀ վարչապետին Կադաստրի գործունեության վերաբերյալ, խնդրում եմ գտնել ժամանակ և ընթերցել Հարգելի նորընտիր վարչապետ, շատ լավ հասկանալով երկրի ներկայիս քաղաքական վիճակը, այնուամենայնիվ ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել մի կառույցի գործունեությանը, որն առաջին հայացքից միգուցե և Ձեզ համար առաջնային չթվա: Խոսքը վերաբերում է Կադաստրի գործունեությանը: Տարեկան մեծ թվով քաղաքացիներ թե ՀՀ, թե օտարերկրյա, այդ թվում իրավաբանական անձանց ներկայացուցիչներ իրենց գործունեության շրջանակներում շփվում են այս կառույցի հետ: Գտնում ենք, որ կարիք չկա մանրամասնելու Կադաստրի գործառույթները և դրանց ազդեցությունը տնտեսության տարբեր ոլորտների վրա, որոնց աղետալի վիճակին մեզանից լավ եք տիրապետում: Շուրջ քանի տարի է տվյալ կառույցը ղեկավարում է կիսագրագետ մի անձնավորություն, որի հիմնական գործունեությունը մշտապես եղել է հանրապետական կուսակցության համար տարատեսակ ընտրությունների ժամանակ ձայների հավաքագրումը, որի համար էլ նրան որպես պարգևատրում տրվել է այս պաշտոնը: Մեր ասածի հավաստիքն է Կադաստրի տարբեր աշխատակիցների՝ Երևանի ավագանու կազմում ընդգրկված լինելու հանգամանքը, ինչպես նաև թե նախագահական, թե խորհրդարանական ընտրություններին Մարտին Սարգսյանի և նրա եղբոր՝ Շենգավիթի թաղապետի ակտիվ մասնակցությունը այդ պրոցեսներին: Բոլորին է հայտնի, որ հանրապետականի ձայնբերողը կամ դրանցից մեկը Շենգավիթ համայնքում եղել է Մարտինը իր եղբոր հետ: Մի փոքր ներկայացնենք Մարտին Սարգսյանի բուն գործունեությունը Կադաստրում: Այս կառույցում ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո Մարտին Սարգսյանը համակարգում ներգրավել է բազմաթիվ իրենից ոչ պակաս անգրագետ, Շենգավիթ համայնքի բնակիչ հանդիսացող անձանց՝ պայմանագրային աշխատողից մինչև տարբեր բարձրաստիճան պաշտոնների: Հարկ չկա նշելու տվյալ կառույցի կոռումպացված իմիջը, որի դեմ պայքարելու փոխարեն համակարգում ներգրավել է նորանոր կոռուպցիոներ պաշտոնյաների, մասնավորապես՝ աշխատակազմի ղեկավար Վարդան Հասրաթյանին և իրավաբանական վարչության պետ Սամվել Մնացականյանին, որոնք իրենց նախկին պետական աշխատավայրերից հեռացվել են կոռուպցիայի պատճառով: Համակարգի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնները՝ Երևանի ստորաբաժանման, Մարզերի ստորաբաժանման, Գեղարքունիքի, Լոռվա, Շիրակի, Սյունիքի մարզային ստորաբաժանումներում պետերի պաշտոններում են աշխատում անձիք, որոնք շատ երկար տարիներ աշխատել են տվյալ համակարգում և մեծ ներդրում ունեն տվյալ համակարգի կոռուպցիոն իմիջի ձևավորման մեջ: Այդ մարդիկ գտնվում են տարբեր ոչ պակաս կոռումպացված պաշտոնյաների հովանավորության ներքո, մասնավորապես վերոնշյալ պաշտոնյաներից Երևանի պետը հանդիսանում է մեզ քաջ հայտնի Աղվան Հովսեփյանի շունը: Այս ղեկավարության ժամանակ համակարգ ներմուծվեց պաշտոնների նշանակման մի նոր կուլտուրա՝ սիրուհիներ: Համակարգը լեփ լեցուն է այս կամ այն պաշտոնյայի սիրուհիներով, որոնց բուն գործունեությունը կայանում է աշխատանքի ժամանակ իրենց սիրեկանին սպասարկելը, չնայած որ ըստ պաշտոնի անձնագրի իրենց վերապահված է այլ գործառույթներ: Կադրային քաղաքականության խայտառակ վիճակի վերաբերյալ կարող եք ինքներդ հավաստում ստանալ Կադաստրի համակարգում աշխատող ցանկացած աշխատակցից, ով պատրաստ կլինի Ձեզ ներկայացնել իրական վիճակը: Չենք ուզում խոսել, թե այս Համազգային Զարթոնքի ժամանակ, ինչպես նաև բոլոր նախկին քաղաքական պրոցեսների ժամանակ ներկայիս ղեկավարությունը ինչպես էր սպառնում աշխատակիցներին գործից հեռացնել տվյալ պրոցեսներին ներգրավված լինելու դեպքում, քանի որ կարծում ենք այս խնդիրը առկա է եղել բոլոր պետական մարմիններում: Կադաստրի ղեկավարը տարիներ շարունակ աշխատանքի է այցելել շատ հազվադեպ, եկած ժամանակ էլ աշխատանքը վերածել է կեր ու խումի: Մարտին Սարգսյանին քիչ թե շատ ճանաչող յուրաքանչյուր ոք կհավաստի, որ շատ մեծ հակում ունի ալկոհոլի նկատմամբ և քիչ թե շատ սթափ վիճակում լինում է թերևս միայն կառավարության նիստերին: Համակարգում գործում է աշխատակիցների մի խումբ, որոնց գործունեությունն է հանդիսանում շինությունների ճարտարապետական տեսքի և չափերի տեղում ստուգումը, սակայն օրենսդրությամբ կադաստրը նման լիազորություններ չունի: Այդ լիազորությունները քաղաքապետարանինն է, քաղաքաշինության նախարարությանը, բայց ոչ կադաստրինը: Սակայն կադաստրն էլ իր հերթին է այդ ստուգումն իրականացնում, քանզի դա գումարների շորթման լուրջ լծակ է հանդիսանում: Իրականում անդրադարձանք այս խնդրին, քանի որ եթե մինչ վերջին օրերը վստահ էինք, որ պետական պաշտոնյաներ զբաղեցնող շատ հանրապետական օդիոզ դեմքեր նորընտիր կառավարության կազմում տեղ չէին գտնելու, ապա վերջերս Մարտին Սարգսյանի և նրա թիմի անդամների կողմից սկսեցին աջ ու ձախ լուրեր տարածվել, իբր իրենք միշտ կողմ են եղել իշխանափոխությանը, սատարել են Ձեր շարժմանը, ընդ որում ամենամեծ փաստարկը Մարտին Սարգսյանի կողմից այն է, որ նա և Ձեր կուսակցության անդամ հարգարժան Սասուն Միքայելյանը հանդիսանում են երկարամյա ընկերներ, որի հավաստիքը Սասուն Միքայելյանի ազատազրկումից դուրս գալու ժամանակ Մարտին Սարգսյանի կողմից նրան օժանդակելն էր, այսպես ասած եկել է Սասուն Միքայելյանի ժամանակը պարտքերը վերադարձնելու և կարծես թե Մարտին Սարգսյանը այդ հարցում շատ վստահ է: Ուստի մենք՝ Կադաստրի մի խումբ աշխատակիցներս, որոնք դեռևս լիակատար դուրս չենք եկել հանրապետական կուսակցության տարիներ շարունակ սրսկած վախի մթնոլորտից, փորձեցինք նման կերպով Ձեզ քիչ թե շատ ներկայացնել այն քաոսը, որը տիրում է տվյալ համակարգում և միանշանակ կտիրի այս անձնավորության և նրա թիմի պաշտոնավարման դեպքում: Խնդրում ենք անտարբեր չանցնել այս նամակի բովանդակությանը, քանզի բարձրացրած հարցը հուզում է համակարգի գրեթե 95%-ին, այդ թվում նաև այն հազարավոր քաղաքացիներին, որնք մշտապես առնչվում են այս համակարգի հետ: Որպես վերջաբան ուզում ենք նշել, որ այն քիչ թե շատ դրական փոփոխությունները տվյալ համակարգում որ առկա են, դա բացառապես մի խումբ անհատ սրտացավ աշխատողղների, ինչպես նաև մինչ այս համակարգը ղեկավարած թիմերի գործունեության արդյունքն է: Ընդ որում այդ դրական փոփոխություններն էլ հիմնականում արտաքուստ են դրական, ինչպես հայլուրի ներկայացրած Հայաստանը: ) Արդեն իսկ տեղեկացված ենք, որ Մարտին Սարգսյանը չի պատրաստվում հրաժարական տալ և շատ մարդիկ պատրաստվում են օժանդակել նրան այդ հարցում և ուզում ենք կրկնվել, որ Մարտին Սարգսյանի միակ հույսը և հավատը Սասուն Միքայելյանն է: Նշենք նաև, որ մինչև նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը գոյություն ուներ մի փաստաթղթի նախագիծ, համաձայն որի Կադաստրի համակարգը պետք է ներգրավվեր որևէ նախարարության կազմում, որի պրակտիկան առկա է աշխարհի շատ զարգացած երկրներում, սակայն Մարտին Սարգսյանը թե նախկինում մատուցած արջի ծառայությունների, թե ըստ որոշ տեղեկությունների նաև մեծ կլորիկ գումարի միջոցով կարողացավ համոզել սերժ հոպարին, որ Հայաստանը ոչ պակաս զարգացած երկիր է և պետք չէ օգտագործել ինչ որ հետամնաց եվրոպական երկրների փորձը` այդպիսով անորոշ ժամկետով երկարաձգելով իր կոռուպցիոն գործունեության ժամկետները: Համակարգում կան շատ բանիմաց երիտասարդ աշկատակիցներ, ովքեր կարող են ստանձնել համակարգի ղեկավարումը և շատ կարճ ժամանակահատվածում համակարգի անունից մաքրել կոռուպցիայի շղարշը: Որպես տվյալ նամակի բովանդակության տրամաբանական շարունակություն բնականաբար ակնկալվում է Մարտին Սարգսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը, սակայն Ձեր կողմից նման որոշում չկայացնելու դեպքում խնդրում ենք ներկայացնել հիմնավոր փաստարկներ, քանզի թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորվող իշխանությունների հիմնական գաղափարախոսությունից է հանդիսանում հանրության առջև հաշվետվողականությունը: Ձեզ հավատացող, Ձեզ հետ մեծագույն հույսեր կապող, մշտապես ոտնահարված և ահաբեկված Կադաստրի մի ամբողջ անձնակազմ P.S. Այնքան տարված էինք նամանկում հնարավորինս կարճ բայց բովանդակալից ներկայացնելու այն բեսպրեդելը, որ տիրում է կադաստրում Շենգավիթ համայնքից եկած, անհայտ ծագմամբ մի խումբ քոչվոր սովածների գործունեության արդյունքում, մոռացանք շնորհավորեինք Ձեզ վարչապետին պաշտոնին ընտրվելու կապակցությամբ: Սրտանց շնորհավորում ենք և լիահույս ենք, որ այլևս ետ վերադարձ նախկին Հայաստանին չի լինելու:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր