«Մի ասա այն, ինչ չգիտես», խրատում է դասականը, այնուհետև շարունակում է. «մի ասա այն, ինչ գիտես», իսկ վերջում` «մի՛ դատիր, մի՛ քննարկիր», գրում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
«Այս` առաջին հայացքից պարզ թվացող մտքերը, իրականում բացահայտում են փիլիսոփայական, քաղաքական և սոցիալական մտորումների հսկայական հորիզոններ, որոնք թափանցում են մարդկային հաղորդակցության և հասարակական կյանքի ոլորտը:
«Մի ասա այն, ինչ չգիտես» ձևակերպումը բարձրացնում է գիտելիքի և իմաստության նկատմամբ մարդկային վերաբերմունքի խնդիրը։ Տեղեկատվական գերհագեցվածության և կեղծ տեղեկատվության զանգվածային տարածման դարաշրջանում մենք ականատես ենք լինում, թե ինչպես են շատերը, առանց բավարար որակավորման և գիտելիքների, բարձրաձայնում սոցիալական և քաղաքական զգայուն հարցերի շուրջ: Սա պարզապես պարապ խոսակցություն չէ. սա կարող է հանգեցնել իրականության խեղաթյուրմանն ու ապատեղեկատվության տարածմանը, որոնք շատ հաճախ վեր են ածվում քաղաքական մանիպուլյացիաների` խարխլելով ժողովրդավարության, և, առհասարակ, հասարակության հիմքերը, այնինչ` քաղաքացիները տեղեկացված որոշումներ կայացնելու և´ ուրավունք, և´ պարտավորություն ունեն: Մարդը, ով ասում է այն, ինչ չգիտի, դառնում է զենք ավելի հզոր ուժերի ձեռքում, որոնք սրում են հակամարտությունները և խարխլում սոցիալական ներդաշնակության հիմքերը:
Հաջորդ միտքը՝ «մի ասա այն, ինչ գիտես», բացահայտում է մեր սոցիալական գոյության է´լ ավելի նուրբ կողմը: Գիտելիքը միշտ չէ, որ բացարձակ է, և ժամանակակից աշխարհում, որը լցված է տարբեր տեսակետներով և մեկնաբանություններով, յուրաքանչյուր գիտելիք ենթակա է կասկածի: Այս արտահայտությունը կարող է նախազգուշացում ծառայել դոգմատիզմի և ամբարտավանության դեմ, ինչպես նաև ստիպել մեզ հասկանալ, որ գիտելիքին միշտ պետք է զգույշ վերաբերվել, իսկ սեփական գիտելիքին` քննադատաբար:
«Մի՛ դատիր, մի՛ քննարկիր» միտքը փոխանցում է բևեռացման և առճակատման դարաշրջանում փոխըմբռնման և փոխզիջման ցանկություն: Դատելը շատ հաճախ հանգեցնում է փոխադարձ թշնամանքի և կոնֆլիկտների, որոնք խանգարում են կառուցողական երկխոսությանը: Ուրիշների կարծիքներն առանց պատշաճ հաշվի առնելու անվստահության անդունդ է ստեղծում: Մեր ժամանակի քաղաքագիտական իրականությունը պահանջում է մեզնից դատապարտման անդունդը սուզվելու փոխարեն լինել լսելու և հասկանալու ընդունակ: Այս համատեքստում կարելի է խոսել մշակութային և քաղաքական բազմակարծության կարևորության մասին, որտեղ յուրաքանչյուր ձայն կարևոր է, և որտեղ երկխոսությունը տարբեր տեսակետներ կապող կամուրջ է:
Այսպիսով, դասականի այս մտքերը ոչ միայն հռչակում են ժամանակակից հասարակության մեջ իմաստուն հաղորդակցության անհրաժեշտությունը, այլև հիմք են դնում բևեռացմանն ու առճակատմանը դիմակայող երկխոսության համատեղ կառուցմանը: Մենք պետք է դադարենք աշխարհը բաժանել «մենք»-ի և «նրանց»-ի, «ճիշտ»-ի և «սխալ»-ի և սկսենք հասկանալ, որ յուրաքանչյուր բառ ունի իր իմաստը, և դրա ուժը կարող է լինել և՛ ստեղծագործական, և՛ կործանարար: Սա է արդար և ներդաշնակ հասարակական կարգի բանալին՝ սեփական խոսքերի և արարքների համար պատասխանատվության գիտակցման մեջ, լսելու և հասկանալու, այլ ոչ թե դատելու պատրաստակամության մեջ»: