Կիրանցի բնակիչներն աշնանացան չեն արել, ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։ Սարգսյանի խոսքով՝ շատ քիչ թվով կով են պահում։
Նա մեջբերել է Նիկոլ Փաշինյանի խոքսերը, ով հայտարարել էր, թե Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է, որովհետև, նրա խոսքով, դրանից Հայաստանը ստացել է «պետական սահման, խաղաղություն ու անվտանգություն, բայց` փոքր հատվածում»: Կիրանցում բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը հայատարել էր նաև․ «Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վա՜յ, էս ի՞նչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան ա․․»:
«Կիրանցի բնակիչներին հարցրի, թե իրենք սահմանի այդ հատվածում խաղաղություն, անվտանգություն զգո՞ւմ են։ Բնակիչներն ասացին, որ իրենք անհանգստություն և վտանգներ են զգում, քանզի ամեն օր տեսնում են Ադրբեջանին հանձնված տարածքում կանգնեցված Ադրբեջանի դրոշը, տեսնում են, որ այնտեղ ադրբեջանցի զինվորականներ են հայտնվում, ադրբեջանցիներն այդ տարածքում քեֆեր են անում։
Սահման դարձած պատի կողքին ապրող Կիրանցի բնակիչ Մհեր Ավալյանի ընտանիքն ամեն օր անհանգստությամբ է նայում սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնված տարածքում կատարվողին։ Ադրբեջանին հանձնված 64 հեկտար վարելահողերում, ի տարբերության նախորդ տարվա, Կիրանցի բնակիչներն ադրբեջանական 2 հենակետերի արանքում հայտնված տարածքում ընդհանրապես աշնանացան չեն արել։ Այս ամառ ադրբեջանական կողմը թույլ չի տվել, որ այդ տարածքում մոտ 14 հեկտար հացահատիկը հնձելու համար Խերմիլի գյուղի միջով կոմբայն անցկացնեն, կոմբայնն այլ կերպ են անցկացրել։
Ադրբեջանցիներն իրենք են հնձել Խերմիլի գյուղի մոտակա տարածքում Կիրանցի բնակիչների ցանած մի քանի հեկտար ցորենի արտերը։ Սահմանազատումից, տարածքները հանձնելուց հետո Կիրանցում շատ քիչ թվով խոշոր եղջերավոր անասուններ են մնացել, մինչդեռ գյուղում թվով 14 կով պահողներ կային։ Քանի որ գյուղի արոտավայրերը հանձվել են Ադրբեջանին, անցյալ տարի Սևքարի անտառտնտեսությունը փշալարով փակել է Կիրանցից Ոսկեպար հատվածում գտնվող անտառը, Կիրանցը մնացել է առանց արոտավայրի», - գրել է Սարգսյանը։