ՀՀ Ոստիկանությունից հերքում են տեղեկություններն այն մասին, որ ոստիկանության զորքերում առկա են համատարած դժգոհություններ՝ ծառայության կատարման հետ կապված։ Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն նախկինում ոտիկանության զորքերի աշխատակիցներն աշխատել են «թեթև ռեժիմով», կարողացել են աշխատանքին զուգահեռ երբեմն-երբեմն նաև տաքսի վարել «ջիջի» և «յանդեքս» համակարգերի միջոցով: Հիմա ըստ հրապարակումների Վալերիյ Օսիպյանը խստացրել է աշխատանքային ռեժիմը, և ներքին զորքերի աշխատակիցներից պահանջում են աշխատանքային օրվա ընթացքում լինել տեղում:
Irakanum.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ չի բացառվում, որ ամբողջ անձնակազմից մեկ-երկու հոգի հայտնեն որոշակի դժգոհություններ, սակայն դա չի նշանակում, որ զորքերում համատարած դժգոհություններ են։ Բացի այդ ոստիկանության զորքերի աշխատանքը կարգավորվում է օրենքով, ինչն էլ ենթադրում է, որ աշխատանքային ռեժիմը սովորական օրերին չի խախտվում։ «Այնպես չէ, որ ինչ-որ մեկը ավելի երկար է աշխատում, քան՝ մյուսը»,- ասացին ոստիկանությունից։
Ոստիկանությունից տեղեկացրեցին, որ առաջիկա օրերին ոստիկանության ներքին զորքերի հրամանատար կնշանակվի։ «Ոստիկանությունը բարեփոխումների նոր փուլ է մտել, եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ ցանկացած խնդիր կուսումնասիրվի անձամբ իմ կողմից։ Ոստիկանության ծառայողները մշտապես իրենց տեղում են, ծառայելով՝ օրենքին եւ ժողովրդին»։
Հիշեցնենք, որ Ոստիկանության ներքին զորքերի հրամանատարը Լեւոն Երանոսյանն էր, ով հեռացվեց համակարգից։
Հավելելենք, որ մեր ունեցած տեղեկություններով Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել՝ Լեւոն Երանոսյանի տեղակալներից մեկին։ Մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում զորքերի նոր հրամանատար կնշանակվի։
Irakanum.am