00:00:00

Արցախի ԱԱԾ աշխատակիցները, որոնք կընդունեն ՀՀ քաղաքացիություն, աշխատանքի կանցնեն Հայաստանի ԱԱԾ-ում

14:00, 10 հուլիս 2024 Հասարակություն

Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել՝ ԼՂ-ի ԱԱԾ նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։

Նախագծով առաջարկվում է պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայությունը շարունակելու հիմքը նախատեսել նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձանց համար:

Նախատեսվում է դրույթ, որի համաձայն՝ օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնում պաշտոնի նշանակելիս հաշվի կառնվեն Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակահատվածը, զբաղեցրած պաշտոնը և կոչումը:

Օրենքի գործողությունը տարածվելու է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած և մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը լիազոր մարմնում ծառայությունը շարունակելու համար պաշտոնի նշանակվող անձանց վրա:

Կատարվող լրացումը կրելու է ժամանակավոր բնույթ. կատարման ժամկետ է սահմանվելու 2025 թվականի հուլիսի 1-ը, որից հետո այն դադարեցնելու է իր գործողությունը:

Ընդգծվել է, որ առաջարկվող կարգավորումից կարող են օգտվել այն անձինք, որոնք կընդունեն ՀՀ քաղաքացիություն:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դրական է գնահատել առաջարկվող փոփոխությունը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել:

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ-ի՝ հուլիսի 11-ին գումարվելիք արտահերթ նստաշրջանի ընթացքում՝ հատուկ ընթացակարգով:

Հիշեցնենք՝ հունիսի 27-ի կառավարության նիստում հայտնի դարձավ, որ  ԼՂ ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցներ ցանկություն են հայտնել շա­րու­նակելու ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության մարմիններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր