00:00:00

Գերիների փոխանակման դրական ազդակից հետո հույս ունենք, որ Ադրբեջանը հավատարիմ կմնա խաղաղության գործընթացին. Արարատ Միրզոյան

12:02, 12 դեկտեմբեր 2023 Քրեական աշխարհ

Հայաստանը ներկայումս առերեսվում է լրջագույն մարտահրավերների, Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանն այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

 

«Մեր կառավարության և բոլոր պատկան մարմինների ջանքերը կենտրոնացած են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության հումանիտար իրավիճակի հասցեագրման ուղղությամբ. ուժի կիրառման արդյունքում նրանք մեկ շաբաթվա ընթացքում ստիպված էին լքել իրենց տները: Այս առումով մենք երախտապարտ ենք ԵՄ և ԵՄ անդամ պետություններին Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային ներհոսքը կառավարելու հարցում Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության համար»,- ասել է նա։

 

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունն ունի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն կառուցելու քաղաքական կամք:

 

«Մենք պատրաստ ենք առաջ շարժվել այս ուղղությամբ՝ հիմվելով ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից Գրանադայում ընդունված սկզբունքերի վրա: Նույն այն սկզբունքների, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, սահմանների փոխադարձ ճանաչմանը, հաղորդակցությունների, տրասպորտային ենթակառուցվածքների բացմանը, որոնք մենք նախկինում ընդունել էինք Բրյուսելում ղեկավարների եռակողմ հանդիպումների ժամանակ:

 

Բազմաթիվ առիթներով մենք ցույց ենք տվել մեր պատրաստակամությունն ու վճռականությունը մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման միջոցով տևական խաղաղություն և կայունություն հաստատել տարածաշրջանում, որտեղ բոլոր երկրները կապրեն բաց սահմաններով և կապված կլինեն ակտիվ տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերով։ Մեր կառավարությունը վերջերս ներկայացրել է ապագայի մեր տեսլականը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»՝ որպես խաղաղության օրակարգի մաս: Այս ծրագրի հիմքում ընկած է տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումը՝ ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների և էլեկտրական գծերի վերանորոգման, կառուցման և շահագործման միջոցով: Ավելին, Ադրբեջանի հետ վերջերս ընդունված համատեղ հայտարարությունը գերիների ու պահվող անձանց փոխանակման և COP29 համաժողովի վերաբերյալ Հայաստանի համաձայնությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեր վճռականության ևս մեկ դրսևորում է: Մենք հույս ունենք, որ այս դրական ազդակից հետո Ադրբեջանը հավատարիմ կմնա խաղաղության գործընթացին։

 

Մենք կարծում ենք, որ այս ձևաչափն ու նախաձեռնությունները, որոնցում մենք ներգրավված ենք, պետք է ծառայեն մեր գործընկերների և հարևանների հետ մեզ ավելի մոտեցնելու վերջնական նպատակին։ Անհրաժեշտ եմ համարում վերահաստատել, որ ԱլԳ գործընկեր բոլոր երկրները պետք է հավատարիմ լինեն նույն արժեքներին և սկզբունքներին, քանի որ առանց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման, առանց ապահով և խաղաղ միջավայրի ցանկացած նախաձեռնություն դատապարտված է ձախողման»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր