Ավարտվող մրցաշրջանում Հայաստանի տարիքային տարբեր խմբեր ներկայացնող ծանրորդները միջազգային ասպարեզներում նվաճեցին ոսկե, արծաթե, բրոնզե 146 մեդալ, որը ռեկորդային ցուցանիշ է և 39 –ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հայ ծանրորդները վերջերս Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում ելույթներն ավարտել են երկամարտի 3 ոսկե մեդալով:
Հայաստանի վերջին մեդալը նվաճել է տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը: 102 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը երկամարտում ցույց է տվել 378 կգ արդյունք: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 175 կգ ծանրաձողը, իսկ հրումում՝ 203 կգ-ն: Պոկում և հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
Ավելի վաղ Մ20 տարեկանների առաջնության հաղթողի կոչմանն արժանացել էին նաև Գոռ Սահակյանը (67 կգ) և Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ):
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 73 կգ քաշային Մարտին Պողոսյանն ավելի վաղ փոքր բրոնզե մեդալ էր նվաճել հրում վարժությունում՝ ցույց տալով 171 կգ արդյունք: