Արցախն այժմ կորսված է, բայց՝ ոչ մեկընդմիտ, Արցախի վերադարձի ու Արցախ վերադարձի հեռանկարը կախված է նրանից, թե հատկապես այս փուլում ինչ ենք անում մենք՝ հայ ժողովուրդը և ՀՀ-ն, «Հայաքվեի» հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Նվազագույն անելիքը կամուրջները չայրելն է, էլ չասեմ, որ եղած կամուրջներն ամրացնելու և նոր կամուրջներ կառուցելու կարիք կա։ «Հայաքվե» նախաձեռնության կողմից առաջարկված այս օրինագիծն, իմ կարծիքով, կարևոր գաղափարական, իրավական և քաղաքական ամուր հիմք կարող է ստեղծել Արցախի վերադարձի հետագա պայքարի համար»,-ասաց Բեգլարյանը։
Նա հարց հնչեցրեց՝ արդյո՞ք ՀՀ իշխանությունների դիրքորոշումներն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անտեսելու վերաբերյալ բացասաբար ազդել է Արցախի կորստի վրա։
«Պատասխան՝ այո՛։ Սա գլխավոր գործոնն է, որը մեզնից կախված էր, որն ամենամեծ բացասական ազդեցությունն է թողել Արցախի կորստի վրա։ Սա հնարավորություն է տվել Ադրբեջանին խնդիրը ներկայացնել որպես ներքին հարց, ձերբազատվել ՀՀ կողմից պոտենցիալ ռազմաքաղաքականության դիմադրության ռիսկերից, ինչպես նաև հնարավորություն է տվել միջազգային բոլոր դերակտարներին խուսափել իրենց պատասխանատվությունից և այն գցել ՀՀ-ի վրա։ Բոլորս պետք է հաշվի առնենք, որ միջազգային հանրության դիրքորոշումը մշտապես ձևավորվել է առաջնահերթորեն ՀՀ-ի և Ադրբեջանի դիրքորոշումների և գործողությունների հիման վրա», - ասաց Բեգլարյանը։
Արցախի նախկին պետնախարարն ասաց նաև, թե «Հայաքվե»-ի ներկայացրած օրինագծի ընդունումը հնարավորություն կտա վերադարձնել Արցախը.
«Սա հստակ դիրքորոշում է լինելու, որ ՀՀ-ն այլևս ընդունում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և պաշտպանում է այդ իրավունքը, քանի որ միջազգային հանրության որևէ դերակատար երբեք ավելի բարձր նշաձող չի դնելու, քան ՀՀ-ն է դրել»։
Հիշեցնենք` «Հայաքվե» նախաձեռնությունն առաջարկել է Հայաստանի քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի, քրեորեն պատժելի արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։