00:00:00

Մարատենք առանց տրանսպորտի փռերից հացը խանութներին մատակարարելով են փորձում նեցուկ լինել հայրենակիցներին

15:48, 25 հուլիս 2023 Հասարակություն

19-ամյա Մարատ Մարտիրոսյանը Ստեփանակերտի բնակիչ է: Նա հանդիսանում է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շրջանավարտ, նրա մասին ընկերները միշտ հիացմունքով ու հպարտությամբ են խոսում:

Սովորում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Ճարտարապետաշինարարական ֆակուլտետում:

Մարատը մեծ սիրով զբաղվում է ֆոտոնկարչությամբ, կարելի է ասել, որ նրա կարևորագույն զբաղմունքներից է, ինչպես նաև սիրում է գծագրություններ անել:

«Երբ դեկտեմբերի 12-ին լսեցի ճանապարհի փակվելու լուրը, շատ չզարմացա, քանզի առաջին անգամը չէր:

Մտածում էի, որ մի քանի ժամից, մի քանի օրից հետո կբացվի, երբեք չէի պատկերացնում, որ այսքան երկար ժամանակ այս ամենը կձգվի ու դեռ պարզ էլ չէ՝ մինչև երբ:

Շրջափակման երկրորդ շաբաթը լրանալուց հետո միայն ավելի հստակ դարձավ, որ այս ամենը երկարատև է:

Այդ ընթացքում խանութների ապրանքատեսականին արդեն գնալով վերջանում էր:

Շատ մթերային խանութներ և միրգ-բանջարեղենի խանութներ սկսեցին փակվել, շատ քաղաքացիներ մնացին առանց աշխատանքի:

Գիտե՞ք որն էր զարմանալի, որ ինձ թվում էր,թե այդ ընթացքում մարդիկ ավելի են շատ սովածանում և ցանկանում ուտել», - պատմում է Մարատը:

Մարատի դասերը ձմեռվա ցրտի հետևանքով չեն դադարեցվել, նա պատմում է, որ լսարանը տաքացնում էին մի փոքր էլեկտրատաքացուցիչով, բայց դասերին նստում էին վերարկուներով ու ձեռնոցներով: Ի դեպ՝ այդ ընթացքում բոլոր ճարտարապետները միասին էին դասընթացն անցկացնում:

Այդ պայմաններում Արցախի երիտասարդները պայքարում էին գիտելիք ստանալու իրենց իրավունքի համար:

«Ինձ համար շատ մեծ դժվարություններ էին առաջացնում հովհարային անջատումները: Ես պրոեկտները գծագրում եմ համակարգչով, լույս չլինելու պարագայում այդ ամենը դառնում էր անհնարին:

Իսկ, երբ լույսերն էին միացնում, ինտերնետը հիմնականում չէր աշխատում, կամ՝ շատ դժվար: Իմ աշխատանքի համար էլ պետք է լավ ինտերնետային կապ, որպեսզի կարողանամ ծրագրերով աշխատել:

Քանի որ այդ ամենը չկար, մենք սկսեցին ձեռքով թղթի վրա պատկերել գծագրեր:

Արցախում դժվարությունները միասին հաղթահարելը ոչ միայն ավելի հեշտ է, այլև՝ հետաքրքիր:

Քանի որ վառելափայտը շատ չէր, մեր հարևանի երեխաների հետ ձմռանը միասին գնում էինք ցախ հավաքում, որ վառարանը վառենք ու ընտանիքներով տաքանանք: Ես էլ փորձում էի նաև օգնել մեր հարևանի երեխաներին իրենց դասերը սովորելու հարցում, նրանց բացատրում էի գծագրություն, երկրաչափություն:

Մի օր էլ որոշեցի գնալ գյուղ ու գյուղի առօրյան ցույց տալ իմ ֆոտոների միջոցով:

Գնացի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղ, այնտեղ ինձ շատ գրավեցին Աստղաշենի քարերը, որոնք, ասես ուրիշ աշխարհից են մեզ մոտ հայտնվել:

Գնացի գյուղի դպրոց ու զարմացա դպրոցի քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաների կահավորությունից, անգամ քաղաքի մեր դպրոցում նման լաբորատորիաներ չկան, որը շատ ուրախալի էր, ինչպես նաև կցանկանայի նշել, որ այդ գյուղի աշակերտները շատ խելացի են ու հետաքրքրված են ԹՈՒՄՈ-ի ծրագրերով:

Ես էլ որոշեցի իմ փոքրիկ ներդրումն ունենալ և երեխաներին ծանոթացրի ֆոտոապարատին, թե ինչպես կարելի է կադր ընտրել, նկարել և այլն: Ասեմ, որ շատ հետաքրքիր է երեխաների հետ:

Երկար ժամանակ է,ինչ ես միացել եմ Youth clubs alliance թիմին:

Որտեղ անց են կացվում դասընթացներ, տարբեր բնագավառներից, այդ թվում նաև՝ ազգագրական երգ ու պար արցախցի երիտասարդների համար:

Պարզվում է,որ  քազաքում հացի խնդիր առաջանում է ոչ թե ալյուր չլինելու, այլ վառելիքի բացակայության պատճառով, և այս պահին մենք հիմականում զբաղված ենք այդ հարցով:

Ու հիմա մենք մի խումբ երիտասարդներով որոշել ենք փուռերից այդ հացը տեղափոխել այն խանութներ, որոնք դեռ աշխատում են, այդ ամենը մենք անում ենք խանութներում առկա մեծ զամբյուղներով և այլն:

Մենք էլ փորձում ենք մեր օգնությունը մեր ժողովրդին այս եղանակով ցուցաբերել:

Քանի որ Մարտունի քաղաքի երեխաները շատ են սիրում կարդալ, իսկ նրանց գրադարանը այդքան էլ համալրված չէ հետաքրքիր գրականությամբ, երեխաներն էլ մայրաքաղաք գալ չեն կարողանում, որոշեցինք մենք այնտեղ բացել գրադարան:

Ի դեպ՝ ես մասնակցել և իմ օգնությունն եմ նաև  ունեցել «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին:

Ամենից դժվարը վառելիքի բացակայությունն է, որի հետևանքով արդեն անգամ հասարակական տրանսպորտը չի գործում:

Ես ծնկի վնասվածք ունեմ, ինձ երկար քայլել չի կարելի, բայց ես էլ չեմ կարող հանգիստ նստել ու ոչնչով չօգնել իմ հայրենակիցներին», - ասաց զրուցակիցս:

Հարցիս, թե կցանկանա ճանապարհը բացվելուց հետո այլ երկիր մեկնել, Մարատը պատասխանեց, որ ցանկանում է ուսումը շարունակել այլ երկրների լավագույն համալսարաններում, որպեսզի ավարտելուց հետո կարողանա ավելին անել իր հայրենիքի համար, քան այստեղ սովորելուց հետո կարող է անել:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր