00:00:00

2016-ին Անկարայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության կազմակերպիչներից մեկն ապրում է Տեխասում. Sabah

14:13, 19 հունիս 2023 Աշխարհ

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կազմակերպիչներից մեկը՝ Թեմել Ալսանջակը, ապրում է ԱՄՆ-ում՝ Տեխաս նահանգում, գրում է թուրքական Sabah թերթը։

Հրատարակության տվյալներով՝ նա ստեղծել է չորս կեղծ ընկերություն՝ հանցակիցներին օգնելու համար։ Թերթի տվյալներով՝ Թեմել Ալսանջակը Թուրքիայում ահաբեկչական համարվող ֆեթուլլահիստական կազմակերպության (FETO) անդամ է։ Թուրքիայի իշխանությունները նրան պատասխանատու են համարում 2016 թվականի հեղաշրջման փորձի համար։

Նշվում է, որ Թեմել Ալսանջակն ապրում է Դալլասի 1,2 մլն դոլար արժողությամբ վիլլայում։ Թերթը պարզել է, որ Թեմել Ալսանջակը ստեղծել է չորս կեղծ ընկերություն, որոնք FETO-ի անդամներին օգնել է ստանալ ԱՄՆ աշխատանքային այցագրեր։ Նա այնուհետև փակել է չորս ընկերությունից երկուսը, նշում է թերթը։

Ըստ Sabah-ի՝ ՌԴ դեսպան Կառլովի սպանությունը, որը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 19-ին, ծրագրել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության աշխատակից Վեհբի Քուրշատ Աքալինը։ Ռուսաստանի դեսպանի ամենօրյա գործունեության մասին ողջ տեղեկատվությունը Աքալինը փոխանցել է Թուրքիայի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գրասենյակի պաշտոնյա Հուսեյն Բաջային, գրում է թերթը։

Հրատարակության տվյալներով՝ սպանության կազմակերպումը ղեկավարել է Անկարայի Թուրգութ Օզալի համալսարանի դասախոս Ջեմալ Կարաատան։ Հանձնարարությունը սպանության հեղինակին փոխանցել է Today's Zaman թերթի լրագրող Աբդուլլահ Բոզքուրթը, հայտնում է Sabah-ը։ Թերթը պնդում է, որ սպանության կազմակերպմանը մասնակցել են նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի թուրքական ծագում ունեցող երկու աշխատակից։

Ըստ Sabah-ի՝ FETO-ի նպատակն էր Կառլովի սպանությունը կապել ջիհադիստական խմբավորումների հետ, ստիպել Թուրքիային և Ռուսաստանին խզել դիվանագիտական հարաբերությունները և պատերազմ հրահրել պետությունների միջև։

Անդրեյ Կառլովը գնդակահարվել է Անկարայում «Ռուսաստանը Կալինինգրադից Կամչատկա՝ ճանապարհորդի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ։ Հարձակումն իրականացրել է ոստիկան Մևլութ Ալթինթաշը, որը տեղում սպանվել է անվտանգության ուժերի կողմից։ 2021 թվականի մարտին գործով մեղադրյալներից հինգը դատապարտվել են ցմահ ազատազրկման, ևս վեցը՝ հինգից ինը տարվա ազատազրկման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր