Արցախի խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունները երկու օր առաջ հայտարարություն էին տարածել, որում Հայաստանի իշխանություններից պահանջում էին հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը եւ կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այս հայտարարությունն անելու համար, ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ հիմքեր են եղել։
«Վերջին ժամանակաշրջանի իրադարձություննեըը կասկածի տեղիք չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախից, ավելին՝ կշեռքի նժարին են դրել Արցախը ու ինչ–որ առեւտուր են անում Արցախով՝մոլորեցնելով Հայաստանի հասարակությանը, իբր դրանով փրկում են Հայաստանը։ Բայց գոնե Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշումից հստակ երեւում է, որ եթե չլինի Ստեփանակերտը, չի լինելու նաեւ Երեւան։ Ես այդ որոշման մեջ մի կարեւոր կետ եմ առանձնացրել, այն է, որ Հայաստանի համար անընդունելի պետք է համարել միջազգային կամ ներպետական ամեն տեսակի փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Հայաստանի վարչապետը նախորդ տարի ապրիլին, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իբր միջազգային հանրությունը պահանջում է մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը։ Բայց մեկ տարի անց մենք փաստում ենք, որ միջազգային հանրությունը նման պահանջ չի դրել, եւ դա լոկ Ադրբեջանի պահանջն է։ Մեկ տարի առաջ Հայաստանի իշխանությունը հստակ իր դիրքորոշումն արտահայտեց ու ցույց տվեց, որ այդ օրակարգով առաջ է գնում։ Նախորդ մեկ տարվա ընթացքում մենք բազմիցս խոսել են Արցախի կարմիր գծերի ու մեր ինքնորոշման իրավունքի մասին։ Արցախում նաեւ հանրահավաքներ են եղել, այդ կերպ ժողովուրդը միացել է ԱԺ հայտարարություններին։ Սա միայն քաղաքական կողմնորոշում չի եղել, այլեւ ժողովորդի կամքն է եղել, որին դեմ է գնում Փաշինյանը, փաստ. երեկ նա ասուլիսի ժամանակ անդրադարձավ ռուս խաղաղապահների դեմ Արցախի 20 քաղաքացիների բողոքի ակցիային, բայց առ այսօր մենք չենք լսել որեւէ անդրադարձ այն բողոքի ակցիաների մասին, որոնք Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի էին ունենում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։
Երկու օր առաջվա մեր հայտարարությամբ մենք եւս մեկ անգամ փորձեցինք կանխել ու սանձել այն գործընթացները, որոնք իրականացնում է Հայաստանի վարչապետը եւ չստորադասել Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշումը։ Գերմանիայի կանցլերը վերջերս խոսեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը կրկին առաջ բերեց անվտանգային ու իրավունքի հարցերը, որը միանշանակ հակասում է բոլոր որոշումներին եւ այն գործընթացներին, որոնք այսքան տարիներ տարվել են ու շարունակում են մնալ Արցախի դիրքորոշումը»,– ասաց Մետաքսե Հակոբյանը։
Արցախի խորհրդարանի խմբակցությունները մեջբերելով գազի, հոսանքի խաթարումները, բնակչության ահաբեկումն ու ազատ տեղաշարժի սահմանափակումները, հայտարարության մեջ նշել էին նաեւ, որ այդ պայմաններում անընդունելի են Բաքվի հետ ուղիղ երկխոսության մասին խոսակցությունները: