Այսօր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպմանը դեսպան Արման Խաչատրյանը կրկին բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման խնդիրը:
Ելույթում նշվել է.
«Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի։
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անօրինական շրջափակումը հակասում է բոլոր այն սկզբունքներին և արժեքներին, որոնց համար պայքարում է Եվրոպայի խորհուրդը։
Շրջափակման միջոցով Ադրբեջանը նպատակ է հետապնդում Էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։
Լաչինի միջանցքի կարգավիճակը հստակ սահմանված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Լաչինի միջանցքում անցակետի ստեղծման մասին խոսելով` Ադրբեջանը հերթական անգամ շահարկում է հումանիտար ճգնաժամը՝ սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար:
Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել միջազգային փաստահավաք առաքելությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, ուստի փետրվարի 17-19-ը ԵԽԽՎ համազեկուցողները այցելել են միայն Հայաստան»: