ՀՀ ԱԳ նախարարությունը հրապարակել է նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի մեկնարկի արարողությանը․
«Այս միջոցառումը նպատակ ունի ներկայացնել Հայաստանի համար նոր Գործողությունների ծրագրով նախանշված՝ առաջիկա չորս տարիների հիմնական առաջնահերթությունները։ Հայաստանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, իրավահավասարության և ներառականության հետագա խրախուսումը կլինեն այսօրվա քննարկման առանցքում: Պետական իշխանության տարբեր թևերի և ազգային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների ներկայությունն ու ակտիվ մասնակցությունն այսօրվա միջոցառմանը վկայում են Գործողությունների ծրագրի կարևորությունն ու դրանում նրանց ակտիվ ներգրավվածությունը:
Գործողությունների ծրագիրն առանցքային գործիք է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգում՝ ուղղված եվրոպական չափանիշներին համապատասխան ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացմանը, անկախ դատական համակարգի կայացմանը և հակակոռուպցիոն ինստիտուտների հզորացմանը։
Մենք ապրում ենք անվտանգային բազում սպառնալիքներով լի տարածաշրջանում: Ավելի քան երկու ամիս է, ինչ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով շարունակվում է հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, բազմաթիվ անհետ կորած անձանց և բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չպարզաբանված: 2021թ. մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերին ձեռնարկված ագրեսիայի արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի ներքո, իսկ Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է մնալ բարձր»: