00:00:00

Հակակոռուպցիոն կոմիտեում կձևավորվի Կարգապահական հանձնաժողով

16:18, 16 փետրվար 2023 Քաղաքականություն

Կառավարությունը հավանություն է տվել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացման կարգավորումների մասով առավել համապարփակ իրավակարգավորումներ ունենալու անհրաժեշտությամբ:

Հիմնավորման համաձայն՝ հանրային ծառայության բարեվարքության ամրապնդման գործում առանցքային դերակատարում ունի կարգապահական համակարգի ձևավորումը և այդ տեսանկյունից կարևոր է տեղի ունեցող բոլոր խախտումներին պատշաճ ու համաչափ արձագանքի ապահովումը:

Ըստ այդմ՝ անհրաժեշտ է ձևավորել ընկալում և վստահություն առ այն, որ վարքագծի կանոնները կիրառվում են արդարացի, օբյեկտիվ և ժամանակին, ինչը հնարավոր է ապահովել կարգապահական վարույթների իրականացման գործուն և արդյունավետ մեխանիզմի սահմանման միջոցով: Օրինագծով՝ առաջարկվում է լրացնել համապատասխան կանոնակարգումներ՝ Կարգապահական հանձնաժողովի ձևավորման կառուցակարգեր ստեղծելու նպատակով:

Մասնավորապես, առաջարկվում է կոմիտեում ձևավորել հանձնաժողով, որը բաղկացած է 8 անդամից: Հանձնաժողովի անդամները կնշանակվեն 3 տարի ժամկետով, իսկ նախագահի պաշտոնավարման ժամկետը կլինի 1 տարի: Նախագծով նաև հստակեցվում են կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու ընթացակարգերը. նախատեսվում է, որ կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունն ունի երկու փուլ` նախնական ուսումնասիրություն և կարգապահական վարույթ:

Կարգապահական վարույթի իրականացման համար առաջարկվում է սահմանել հստակ ժամկետներ: 

Սահմանվել են նաև երաշխիքներ կոմիտեի ծառայողների իրավունքների ապահովման տեսանկյունից. ծառայողն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ, ստանալ իրավաբանական օգնություն, այդ թվում հանդես գալ ներկայացուցչի միջոցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր