Ոստիկանության Էրեբունու բաժնում օրերս տեղի ունեցած միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցի հայկական տիրույթում: Ամպագոռգոռ վերնագրեր տարածվեցին, թե բաժնում ծեծի են ենթարկվել անչափահասներ և, ուշադրություն, փաստաբաններ:
Որոշներն ավելի հեռուն գնացին, թե՝ սա իշխանության կողմից կազմակերպված հարձակում է փաստաբանական համայնքի վրա: Վերջին «թեզը» հատկապես տարօրինակ է, երբ իմանում ենք, թե ովքեր են միջադեպի կողմում...
Ամեն ինչի մասին, սակայն, հերթով:
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Էրեբունի վարչական շրջանում՝ Դիմիտրովի այգի կոչվող տարածքում գտնվող զրուցարաններում հավաքվող, իրենց ժամանակն անցկացնող ծեր տղամարդիկ քանիցս դիմել են ոստիկաններին՝ դժգոհելով, թե երիտասարդները հավաքվում են զրուցարանում, կեղտոտում այն, հավանաբար նաև՝ թմրանյութ օգտագործում և իրենց էլ թույլ չեն տալիս հավաքվել այդտեղ, ժամանակ անցկացնել:
Եվ ահա, փետրվարի 8-ին, Էրեբունու բաժնի 2 օպերլիազոր Ազատամարտիկների փողոցում ծառայություն իրականացնելիս հենց նշված տեղանքում հանդիպում են շուրջ 2 տասնյակ երիտասարդի: Մոտենում են, ներկայանում, բայց երիտասարդների արձագանքը տարօրինակորեն անհարգալից է լինում: Մոտավորապես հետևյալ կերպ՝ դուք ո՞վ եք, որ մեզ մոտենաք, հարցեր տաք, դուք գիտե՞ք՝ մենք ովքեր ենք: Իսկ ճշմարտությունն այն է, որ երիտասարդներից մեկը ՔՊ-ական պատգամավորներից մեկի վարորդի որդին է, մյուսը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Տոնականյանի որդին: Երիտասարդները չեն բավարարվում միայն գռեհիկ և վիրավորական արտահայտություններ հնչեցնելով, սկսում են հրմշտոց և քանի որ քանակապես շատ են, հարձակվում են 2 օպերների վրա: Մեկ այլ օպերլիազոր՝ տարածքում ծառայություն իրականացնող, տեսնելով, որ երիտասարդները զրուցարանում ծեծկռտուք են սկսել, մոտեցել է՝ հանդարտեցնելու նրանց, սակայն նրա վրա ևս հարձակվել են: Դրանից հետո արդեն եկել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպեր գծով տեղակալն ու այլ աշխատակիցներ: Միջադեպի արդյունքում ծեծի անմիջական մասնակից քաղաքացիներից 5-ը ձերբակալվել է, մյուսները դիմել են փախուստի:
Երկու ոստիկան, միջադեպից հետո, ստացած տարբեր մարմնական վնասվածքներով դիմել է Էրեբունի բժշկական կենտրոն: Նրանց մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք, գանգի կոտրվածք:
Այս ամբողջ նախապատմության մասին փաստաբանները, «նրբանկատորեն» լռում են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։