Ազգային Ժողովում ավարտվել է ընդդիմադիր պատգամավորների և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի փակ հանդիպումը։ Այն տևել է 1.5 ժամ։ Փակ հանդիպումը կայացել է խորհրդարանի նիստերի դահլիճում։ Պատգամավորներին նիստերի դահլիճ ներս թողնելուց առաջ «խուզարկել» են, թույլ չեն տվել անգամ հեռախոսները ներս տանեն։ Իշխանությունը մտավախություն է ունեցել, որ խոսակցության մանրամասները հնարավոր է արտահոսք լինի։ Ներս չեն թողել նաև այն պատգամավորներին, ովքեր գաղտնիության ռեժիմով հանդիպելու առաջարկության տակ չէին ստորագրել։
Փակ նիստին մասնակցել են նաև ՔՊ-ական պատգամավորներից շատերը, բայց հարցեր հնչեցնելու հարցում առավել ակտիվ են եղել ընդդիմադիրները։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ հնչել են տարբեր բնույթի հարցեր, որոնք կապված են եղել բացառապես զինած ուժերին, բանակում կատարվող դեպքերին, Ազատ գյուղում կատարված ողբերգական դեպքին, Պաշտպանության ոլորտին առնչվող ծրագրերին։
Պապիկյանը կրկնել է ավելի վաղ արված այն հայտարարությունները, որ 15 զինվորի մահվան դեպքով կա հարուցված քրեական գործ, բոլոր մեղավորները խստագույն պատիժ կկրեն։ Անդրադարձ եղել է սահմանային իրավիճակին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ ընդհանուր առմամբ փակ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, Սուրեն Պապիկյանը պատասխանել է բոլոր հարցերին, հայտնել, որ մշտապես էլ պատրաստակամ է նման ձևաչափերով հանդիպումներին։
Irakanum.am