«Պատկերացրեք՝ ինչպիսի ոռնոց կբարձրացնեին վարձու լրագրողները, քաղաքագետները, խմբագիրները, գրչակները, եթե հանկարծ պարզվեր, որ այսօր որևէ զորամաս փակվում է կամ վաճառվում: Այդ նույն շրջանակներն այսօր սոցցանցերում գցում են տնակի նկար ու ասում՝ մեր զինվորն ինչո՞ւ է այսօր տնակի կամ վրանի մեջ: Տնակի ու վրանի մեջ է, որովհետև զորանոցը ծախել ու կերել եք: Եթե չծախեիք, չուտեիք, այսպես չէր լինի»: Այսօր նման միտք է երկնել ՔՊ-ական պատգամավոր Պապոյան Գևորգը։
«Ասում եք՝ 20 տարվա մեր մարտունակ բանակը… տե՞նց եք մարտունակ բանակ պահել: Այս ամեն ինչը եղել է հետևյալ տրամաբանությունից, որ՝ «մեր դեմ խաղ չկա, ինչ ուզենք կանենք»: Եվ երբևէ այս մարդիկ չեն պատկերացրել, որ գալու է պատասխան տալու ժամանակը»,- շարունակել է Պապոյանը:
Թե ով է Պապոյան Գևորգն իրականում հանրությունը թերևս գիտի, բայց փոքրիկ հիշեցումը մեկ անգամ ևս չէր խանգարի նույն հանրությանն ու հատկապես սույն պատգամավորին։ Պապոյանը մինչ «թավշյա» զարգացումները եղել է Հանրապետական, այսինքն Սեյրան Օհանյանին Պաշտպանության նախարար նշանակած թիմի անդամ։ Իհարկե 2018-ի հայտնի իրադարձություններից հետո Գևորգը համառորեն փորձում է «մաքրել» իր անցյալը, ինչն իհարկե չի հաջողվում։ Համացանցում պահպանվել են բազմաթիվ լուսանկարներ Պապոյան Գևորգի տակավին ջահել ժամանակներից, որտեղ նա հպարտորեն կրում է ՀՀԿ-ի կրծքանշանը։
Ի դեպ տեղեկությունների համաձայն ՀՀԿ անդամակցելու Պապոյանի խնդրանքը չի մերժել Էդուարդ Շարմազամովը։ «Պապոյանի հայրիկը Շարմազանովի դասախոսն է եղել և վերջինս է խնդրել, որպեսզի Պապոյանին ընդունեն կուսակցություն»:
Գևորգ Պապոյանը ժամանակին հայտարարություն էր արել, թե ինքը մինչև 2007-ն է անդամակցել ՀՀԿ-ին, և դա եղել է «ֆիկտիվ»։ Սակայն սա ևս մեղմ ասած լկտի սուտ է, և նույնպես չի համապատասխանում իրականությանը։ 2008-ին դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց անցկացվող պիկետներին նա ակտիվ մասնակցում էր և դրանք ապացուցող նկարներ կան:
2009 թվականին էլ Պապոյանը Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ է եղել, որտեղ իր պիջակին փակցված է եղել ՀՀԿ-ի կրծքանշանը։
Ի դեպ նույն Արմեն Աշոտյանն է, ով այդ ժամանակ ԿԳ նախարարն էր, օգնել Պապոյանին որպեսզի վերջինս կարողանա պաշտպանել դոկտորականը։ Սրանք ընդամենը պատառիկներ են «մեծ» քաղաքական գործչի անցած «փառավոր» ուղղուց։
Հիմա անդրադառնանք նրա վերը նշված հայտարարություններին։ Գևորգ Պապոյանը դարձյալ ստում է՝ ասելով, թե զինվորները տնակի մեջ են, որովհետեւ զորամասը ինչպես ինքն է պնդել ծախել ու կերել են։ 15 զոհված զինվորներին հայտնի կացարանում տեղավորել է Պապոյանի իշխանությունը և բացառապես այս իշխանությունն է կրում կատարվածի քաղաքական, իրավական ու բարոյական պատասխանատվությունը։
Առհասարակ ՔՊ-ում փոքր մարդիկ հաճախ են սիրում մեծ-մեծ խոսել և Պապոյան Գևորգը բացառություն չէ, բայց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը թերևս մոռանում է, որ 2018-ից 5 տարի է անցել, և «թավշյա կտերն» այլևս ոչ միայն ակտուալ չեն, այլև դրանցով դժվար է ամբողջ հանրությանը կերակրել։
Իսկ Պապոյան Գևորգը իրեն հարց տվել է, թե հնարավոր է արդյո՞ք զինվորներն այդ տնակում եմ, որովհետեւ իր թիմի անդամները օտարել են թվով 71 զորամաս և ինչպես ընդդիմադիրներն են շեշտում քանդում են բանակը։
Ինչ վերաբերում է Պապոյանի հիշատակած վարձու լրագրողներին, քաղաքագետներին ու այլ մասնագիտության տեր անձանց, ապա այստեղ էլ Պապոյանին պետք է ընդամենը հիշեցնել ուշադիր նայել կողքերը։
Ոմանց պարագայում կարելի էր ասել, որ ափսոս են, բայց Պապոյանինն այն դեպքը չէ, որ ասենք՝ ափսոս էր երիտասարդը, հատկապես, որ տարիներ անց նա կարող է հայտարարել, որ «ֆիկտիվ» է անդամակցել ՔՊ-ին։ Ի վերջո դժվարն առաջին անգամն է։
Irakanum.am