Ազգային ժողովը շարունակվում է քննարկել պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդագիրը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց դատախազից՝ կա՞ բացատրություն, թե ինչու են զորամասի տարածքը գրավադրել:
«Որքանով ես հասկացա՝ զորամասի տարածքը սեփականաշնորհվել է , հանձնվել է 3-րդ անձի, դրանից հետո գրավադրվել է բանկում: Կա՞ որևէիցե բացատրություն՝ ինչի՞ համար են զորամասի տարածքը հանձնել 3-րդ մեկին, դրանից հետո գրավադրել բանկում»,- հետաքրքրվեց ԱԺ նախագահը:
Աննա Վարդապետյանն էլ ասաց, թե հիմնական բացատրությունը, որը իրեն հասկանալի է, կայանում է նրանում, որ 3-րդ անձի անունով գրանցելը նպատակ է ունեցել թաքցնել իրական գնորդին, ցույց չտալ, թե ում է օտարվում տարածքը:
«Հետագայում բանկում գրավադրումը, շահառուին վեր հանելը, ով բանկից գումար է ստացել, մեզ հնարավորություն է տվել բացահայտել իրական սեփականատիրոջը»,- նշեց դատախազը:
Նա ասաց, թե փորձեր են եղել հիմնավորելու, որ իբր, տարածքը մեծ է եղել, ծախսատար էր, բայց դրանք որևէ փաստաթղթային հիմնավորումներով չեն հայտնաբերվել:
«Ժողովրդական լեզվով ասած՝ զորամասը վերածել են գումարի ու բացատրություն չկա՝ ինչի համար են դա արել»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը: