00:00:00

Բանակում չծառայած ԱԳ փոխնախարարը․ ՊՆ-ն ժամանակ է խնդրում պարզելու պատճառները

20:23, 06 փետրվար 2023 Հասարակություն

ՀՀ Պաշտպանության նախարարությունը մի քանի օր է, չի կարողանում «պարզել» թե ինչ հիմքով է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել Արտաքին գործերի նորանշանակ փոխնախարարը, կամ արդյո՞ք փոխնախարար Վահան Կոստանյանը զորակոչվելու է բանակ։ Ինչպես հայտնի է այս տարվա հունվարի 26-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահան Հունանյանը նշանակվեց ԱԳ փոխնախարար, մինչ այդ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խորհրդականն էր։

Վահան Կոստանյանը ՔՊ իշխանության այն պաշտոնյաներից է, որ բանակում չի ծառայել։ Ուսանողներին զորակոչից ազատվելու պահանջով 2017 թվականին ուսանողական շարժման առաջամարտիկներից մեկը՝ Վահան Կոստանյանը 2018-ի հայտնի իրադարձություններից  հետո օրենսդրական հապշտապ կատարված փոփոխության արդյունքում ընդունվեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա եւ ստացավ զորակոչից տարկետման եռամյա իրավունք: Բայց այդ ընթացքում զբաղեցրել է մի շարք պաշտոններ. նախ «Քաղաքացիական պայմանագրի»  մամուլի խոսնակն էր, ապա 2018-ի մայիսից փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնականը, իսկ 2018 թվականի դեկտեմբերից արդեն խորհրդարանի նախագահ Միրզոյանի օգնականն էր, հետո՝ խորհրդականը:

Կոստանյանը հետո Միրզոյանի հետ տեղափոխվեց ԱԳՆ, նշանակվելով Արարատ Միրզոյանի խորհրդական, իսկ նախորդ ամիս արդեն փոխնախարար։

Այս ընթացքում հանրությունն այդպես էլ հնարավորություն չունեցավ ծանոթանալու Կոստանյանի գիտական հոդվածներին, եթե իհարկե դրանք ընդհանրապես կան։ Ինչևէ՝ ըստ մամուլի հրապարակումների երեք տարին լրանալու վերջնաժամկետից առաջ Կոստանյանը  դիմում է գրել եւ ազատվել ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայից, ինչն էլ ենթադրում է, որ  այլեւս չէր կարող օգտվել տարկետման իրավունքից եւ պետք է զորակոչվեր պարտադիր զինվորական ծառայության։

Irakanum.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ինչպես Արտաքին գործերի, այնպես էլ Պաշտպանության նախարարություն։ Խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե փոխնախարար Վահան Կոստանյանը  2018-ին ստացել է զորակոչից տարկետման եռամյա իրավունք, որի ժամկետը լրացել է։ Ե՞րբ է բանակ զորակոչվելու Վահան Կոստանյանը։ Միաժամանակ խնդրել էին  հայտնել, թե ո՞րն է չզորակոչման պատճառը։ ԱԳՆ-ից մեր հարցին չեն պատասխանել, ավելի կոնկրետ տվել են ոչինչ չասող պատասխան։ «Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի վերաբերյալ բարձրացված հարցերի հետ կապված նախկինում տրվել է հրապարակային պարզաբանում»,- ասված է մեր գրավոր հարցման պատասխանում։

Պաշտպանության նախարարությունից էլ մեր նույն հարցի վերաբերյալ լրացուցիչ ժամանակ են խնդրել։ Ամենայն հավանականությամբ հինգ օրում չեն կարողացել պարզել, թե ինչու՞ Վահան Կոստանյանը բանակում լինելու փոխարեն պաշտոնյա է նշանակվում։

Ամեն դեպքում կսպասենք ՊՆ ուղարկված մեր հարցման պատասխանին, որը կհրապարակենք ստանալուն պես։

Ի դեպ համացանցում այդպես էլ հրապարակային որեւէ պարզաբանում չգտանք, թե ինչու Կոստանյանը այդպես էլ ծառայության չի մեկնել։ Շեշտենք, որ անկախ նախկինում արված «պարզաբանումներին», որպես հանրության առաջ հաշվետու պաշտոնյա Վահան Կոստանյանը պարտավոր է անդրադառնալու այս հարցին։ Ի վերջո նա երկրի կարևորագույն կառույցներից մեկի ղեկավարի տեղակալն է։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր