Հայաստանը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կոռուպցիայի ընկալման համաթվի 2022 թվականի զեկույցի համաձայն, նահանջ է գրանցել։ Այդ մասին հայտնել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյան։
Եթե 2020, 2021 թվականներին Հայաստանն այս համաթվով ուներ 49 միավոր, այժմ այդ թիվը 46-ը։
Վարուժան Հոկտանյանը մտահոգիչ է համարում այն, որ մի քանի տարի շարունակական առաջընթաց գրանցելուց հետո Հայաստանը 3 միավորով նահանջ է գրանցել։
Չնայած դրան՝ տարածաշրջանում Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալներով ավելի դրական արդյունքներ ունի, քան Ադրբեջանը, Թուրքիան կամ Իրանը, սակայն հետ է մնում Վրաստանից։
Հոկտանյանը նշեց, որ կոռուպցիայի ընկալման համաթվի համաշխարհային միջինը մնացել է անփոփոխ՝ 43, սակայն 50-ից ցածր համաթիվ ունեցող երկրների համար կոռուպցիան համարվում է լուրջ խնդիր։
Նահանջ է գրանցել նաև Ադրբեջանը, Օմանից հետո նահանջի գծով 2-րդն է, նահանջել է 7 միավոր՝ գրանցելով իր պատմական մինիմումը։
«Տարիներ շարունակ առաջընթաց գրանցելուց հետո այս տարվա (2022) ԿԸՀ-ն անհանգստացնող է, քանի որ Հայաստանը նահանջել է 3 միավորով։ Թեև սա նշանակալի չէ վիճակագրորեն, սակայն այս անկումն արտացոլում է հակակշիռների պահպանման, իրավապահների բարեվարքության, դատական համակարգի անկախության ու քաղաքացիական տարածքի պաշտպանության խնդիրները»,- զեկույցից հատված մեջբերեց Հոկտանյանը։
Աշխարհում ԿԸՀ տվյալներով լավագույն ցուցանիշներն ունեն Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան, իսկ վատագույն ցուցանիշները՝ Սոմալին, Սիրիան ու Հարավային Սուդանը։