Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքը ցնցեց հանրությանը, պայթեցնելով իշխանության փչած փուչիկը, թե առաջնագծի կահավորման գործընթացը լավագույնս է կազմակերպվել։ Մինչդեռ իշխանությունը 2020-ի պատերազմից հետո հրեշավոր անգործություն է դրսևորել, ինչի հետևանքով էլ շարունակում են զոհվել զինվորներ։ Տեղի ունեցածը հերթական անգամ բազմաթիվ հարցեր է առաջացրել, որոնց պատասխանները օրվա իշխանությունները պետք է տան։
Ժողովրդավարական ցանկացած երկրում նման ողբերգական դեպքին կհաջորդեր միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարական, բայց խոսքը Հայաստանի մասին է, որտեղ ամեն ինչում կա թիվ մեկ պատասխանատու, ով իրեն թիվ մեկ մեղավորը չի համարում։ Հանրության ցասումը տեղին է, բայց արդյո՞ք նույն կերպ արդարացված է հնչող հրաժարականի պահանջը։ Հասարակական- քաղաքական որոշ շրջանակներ պահանջում են միայն Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը։ Այն, որ Պապիկյանը որպես գերատեսչության ղեկավար կատարվածում ունի իր մեղքի բաժինը, քննարկման ենթակա չէ, բայց արդյո՞ք հենց Պապիկյանն է թիվ մեկ մեղավորը։ Այս հարցի պատասխանը ևս հայտնի է։ Պապիկյանին այդ պաշտոնում նշանակել է վարչապետը։ Հետևաբար հենց Նիկոլ Փաշինյանն է կատարվածում կրում քաղաքական պատասխանատվություն։ Սակայն նրա հրաժարականի պահանջը կատարված ողբերգությունից հետո գրեթե չի հնչում։ Մամուլում տեղեկություններ կան, որ Պապիկյանի հրաժարականի պահանջը իշխանամերձ շրջանակներում ակտիվորեն տարածել ու գեներացվել է հենց իշխանական վերնախավի թեթև ձեռքով։ Այս հարցում, տեղեկությունների համաձայն՝ ակտիվ դերակատարություն ունի նաև ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով ցանկանում է զբաղեցնել Պաշտպանության նախարարի աթոռը։ Սրանով է բացատրվում նաև այն հանգամանքը, որ Ազատ գյուղ Քոչարյանը գնաց անմիջապես Պապիկյանի այցից հետո։
Մեր տեղեկություններով՝ Քոչարյան Անդրանիկը փոքրաթիվ թիմակիցնեի հետ պարբերաբար հակաքարոզչություն է իրականացնում Սուրեն Պապիկյանի դեմ, այդ կերպ փորձելով ցույց տալ, թե վերջինս թույլ ղեկավար է, և հենց ինքն է արժանի նշանակվել նախարարի փոխարեն, իսկ օրինակ իր հանձնաժողովի փորձագետ, 44 –օրյա պատերազմի օրերին հանրությանը լկտի սուտ մատուցած Հովհաննիսյան Արծրունն էլ փոխնախարար։
Հանրությունը պետք է կարողանա ճիշտ ընկալել կատարվածը։ Կրկնում ենք, Սուրեն Պապիկյանը կատարվածում ունի իր մեղքի բաժինը, բայց առավել վտանգավոր է, եթե նրա հրաժարականին հաջորդի վերը թվարկած անձը։ Այստեղ արդեն հասարակությունը մտածելու տեղ ունի։
Irakanum.am