Պարո՛ն Սիմոնյան, դուք հանդիսանում եք Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ. չնայած մի քանի անգամ ընդդիմությունն առաջարկել և պահանջել է, որ տեղի ունենա նիստը, բայց այդպես էլ այն չի կայացել: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անդրադառնալով ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք նախատեսվում է նման հանդիպում կազմակերպել. «Եթե այսօրվա պայմանները հաշվի առնելով հնարավոր չէ տետ-ա-տետ հանդիպումը, առնվազն՝ առցանց քննարկում երկու խորհրդարանների պատգամավորների միջև՝ ստեղծված այս ծանր պայմաններում համատեղ ելքեր գտնելու ուղղությամբ»,-ասաց պատգամավորը:
Ալեն Սիմոնյանը հայտնեց, թե նախատեսվում էր միջխորհրդարանական հանդիպում անցկացնել սեպտեմբերի 19-ին, սակայն սեպտերմբերի 13-14-ի դեպքերի պատճառով այն հետաձգվեց. «Ինչպես նշեցիք ստեղծված իրավիճակում նման բան նախատեսելը մի քիչ դժվար է, և այս պահին որևէ նմանատիպ քննարկում չկա Արցախի մեր գործընկերների հետ»,-պատասխանեց Ալեն Սիմոնյանը:
Արծվիկ Մինասյանն արձագանքելով՝ ասաց. «Միջխորհրդարանական համաձայնագիր կա և այն ճանաչվել է միջազգային դերակատարների կողմից, որորնք ընդունել են, որ Հայաստանը հանձնառու է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման տեսանկյունցի և ճանաչվում են Արցախի օրինական իշխանությունները: Գուցե՞ սա այն հնարավորությունն է նաև, որ փորձ արվի Արցախ մեկնելու համար հիմքեր ստեղծելու, կամ թեկուզ առցանց մակարդակով քննարկում հրավիրել՝ զուտ ելնելով այն հանգամանիք, որ ի վերջո միջազգային հանրությունը նաև պետք է տեսնի, որ իրանց կողմից ճանաչված և Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորություններն այնուամենայնիվ պետք է կյանքի կոչվեն»:
Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեմ պատկերացնում, թե Արցախ այցելելու առաջարկը ինչպես կարելի է իրագործել: Առցանց հանդիպման տարբերակը կարելի է քննարկել: Եթե նման հնարավորություն տեսնում են նաև Արցախի մեր գործընկերները, ապա՝ ինչու ոչ»: