00:00:00

Միայն ակտիվ երկխոսության միջոցով կարելի է փարատել այն կասկածները, անորոշությունն ու խուճապային տրամադրությունները, որոնք ծնվում են ոչ հավաստի տեղեկատվություն ունենալու դեպքում. Արցախի ԱԺ պատգամավոր

23:26, 29 սեպտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Մեզանից յուրաքանչյուրն ամեն օր հանդիպում է մարդկանց, ովքեր բազմաթիվ հարցեր ունեն իշխանության ներկայացուցիչներին, ընդ որում, դա վերաբերում է և տեղական իշխանություններին և կենտրոնական պատկան մարմիններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։

«Սիրելի հայրենակիցներ,

Ուզում եմ կիսվել մեր հանրությանը հուզող մի շարք խնդիրների վերաբերյալ պատշաճ տեղեկատվության բացակայության կամ, եթե ավելի ճիշտ՝ հասարակություն-իշխանություն կապերի ոչ բավարար մակարդակի մասին:

Մեզանից յուրաքանչյուրն ամեն օր հանդիպում է մարդկանց, ովքեր բազմաթիվ հարցեր ունեն իշխանության ներկայացուցիչներին, ընդ որում, դա վերաբերում է և տեղական իշխանություններին և կենտրոնական պատկան մարմիններին:

Միանգամայն հասկանալի է. մեր իրականությունն այնպիսին է, որ ոչ բոլոր հարցերի պատասխաններն ունենք կամ ոչ բոլորը կարող են պատասխանել հանրությանը հուզող հարցադրումներին, բայց դա չի նշանակում, որ մեր բնակչության մեծ մասը պետք է շարունակեն մնալ անորոշության մեջ և անտեղյակ մեր շուրջ կատարվող իրադարձությունների հետևանքներից:

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է այսօր պակասում մեր տեղեկատվական տարածության մեջ՝ մի քանի մասնավոր օրինակներ կբերեմ. մարդկանց, մասնավորապես հուզում են Հայաստանի Հանրապետությունից հաճախակի հնչող մեկնաբանություններն ու որակումները, որոնք հրապարակվում են Արցախի Հանրապետության ապագայի հետ կապված,

Հանրության մի ստվար հատվածի էլ հուզում են նախկինում գործարկված սոցիալական ուղղվածության ծրագրերի վերանայումները և դրանցով նախատեսված աջակցության միջոցառումների ուշացումները,

Պաշտոնական ու հավաստի տեղեկատվության բացակայության պայմաններում հանրային շրջանակներում ավելի մեծ տարածում են գտնում ՛՛օդում կախված լուրերը՛՛: Որպես ապացույց կարելի է բերել վերջերս այդպիսի մի լուրի ակտիվ տարածումը, որի համաձայն առաջիկայում կլինեն բնակարանաշինական ծրագրերի նկատելի կրճատումներ. թեմա, որը չի կարող չհուզել իրենց հերթին սպասող մեր հազարավոր տեղահանված հայրենակիցների ու նաև այն խավերին, որոնք ներգրավված են շինարարության ոլորտում:

Ստեղծված իրավիճակում չափազանց պահանջված պետք է դիտել այն ոլորտների ու դրանց պատասխանատուների աշխատանքը, որոնք անմիջականորեն և ամենօրյա ռեժիմով շփվում են հանրային տարբեր շրջանակների հետ, օրինակ՝ ուսուցիչները, բժիշկները, սոցիալական աշխատողները, պետական ու հանրային ծառայողները… բայց հենց այս մարդկանց է պետք առաջին հերթին անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցել՝ տարածելու և տիրաժավորելու համար:Գտնում եմ, որ միայն ակտիվ երկխոսության միջոցով կարելի է փարատել այն կասկածները, անորոշությունն ու խուճապային տրամադրությունները, որոնք ծնվում են ոչ հավաստի տեղեկատվություն ունենալու դեպքում:

Ի դեպ, այս աշխատանքի մի մասը կարելի է իրականացնել Արցախի ու Հայաստանի պետական կառավարման մարմինների ակտիվ համագործակցության արդյունքում, որի կարևոր բաղադրիչներից մեկը միջխորհրդարանական համագործակցության հարթակն է, որը այդպես էլ չի ստացվում կանոնավոր ու մշտական հունի մեջ մտցնել:

Իմ տեղեկություններով, այս հարցը քննարկվել է նաև ԱԽ նիստում, բայց առարկայական արդյունքներ տեսանելի չեն»,- գրել է Ստեփանյանը:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր