Այսօր ԱՍԱԼԱ–ի հոգևոր հիմնադիր Գուրգեն Յանիկյանի «Բանտարկյալի ձայնը» գրքի շնորհանդեսն էր, բայց ելույթները միայն գրքի մասին չէին։
«Պետք է խոսեի գրքի մասին, բայց թուրքն ավելի արագ է շարժվում, քան մենք»,– շնորհանդեսի բացման խոսքում ասաց «Հայաստանի ժողովրդական շարժում» հ\կ համակարգող Վազգեն Պետրոսյանը։ «Բանտարկյալի ձայնը» գրքի հրատարակությունն ու շնորհանդեսը կազմակերպել էր «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական–հասարակական կազմակերպությունը։
Ըստ Պետրոսյանի՝ աշխարհը իր ստեղծման օրից հասկացել է միայն ուժի լեզուն։ Ուժեղին են հարգել ու հաշվի նստել։
«Հայ ժողովուրդը 1918-ի մայիսին սկսեց Սարդարապատի պատերազմը Երևանից հիսուն կիլոմետր հեռավորության վրա, այսօր հավաստիացնում եմ ձեզ, Սեպտեմբերի 21–ին պարտավոր ենք լինելու Սարդարապատ մղել Երևանի փողոցներում։
Միթե հայ ժողովրդի արյան մեջ մեռել է առյուծների արյունը։ Եթե հինգ հազար տարվա մեջ չի հասել, այդ ժամանակ թուրքերն իրավացի են։ Եթե հասել է, ուրեմն Հայաստանից՝ Սփյուռք ու Արցախ պարտավոր ենք ոտքի կանգնել։ Բավական է օտարերկրյա դիվանագետների ու քաղաքական խամաճիկների երգերն ու լոլոները լսել»,- ասաց նա։
Խոսելու ժամանակ չկա,- պնդում է նա՝ չբացառելով ադրբեջանական նոր սադրանքը։
Վազգեն Պետրոսյանի խոսքով, եթե 2020–ին ունենալով տեղեկատվություն լռել է, չի խոսել հարձակման մասին, եթե Ադրբեջանի վերջին հարձակման մասին գիտեին դեռ մեկ շաբաթ առաջ, սակայն դեռ հույսեր էին փայփայում բանակի հետ և էլի չեն խոսել, ապա հիմա բոլոր հույսերը հոդս են ցնդել։
«Հայաստանի ժողովրդական շարժում» հ\կ համակարգողը ընդգծեց, որ իրենք սկսում են հանուն Հայաստանի գործընթաց, քանի որ․
«Բան չի մնում անել։ Կամ համաձայնվում ենք այսօրվա դաժան իրականության հետ և ոչխարի պես գնում ենք մորթվելու, կամ Հայաստանի քաղաքական դաշտում գոյություն ունեցող բոլոր գործիչներին ասում ենք՝ գնացեք ձեր տներով։ Ով արևմտամետ է, թող գնա արևմուտք, ով ռուսամետ է, թող գնա Ռուսաստան։ Բայց անձամբ եմ խոստանում, սկսած երեք նախագահներից, ներկայիս վարչապետով հանդերձ ու իրենց բոլոր խամաճիկներով, ով էլ մեզ փորձի խանգարել այս անգամ չենք զիջելու ու կատարելու ենք մեր գործը»։
«Բանտարկյալի ձայնը»
«Բանտարկյալի ձայնը» գիրքը հայոց նորագույն պատմության ընթացքի վրա նշանակալի ազդեցություն գործած բացառիկ հայի՝ ՀԱՀԳԲ-ի (ASALA) հոգեւոր հիմնադիր Գուրգեն Յանիկյանի բանտային հուշագրությունն է։ Այն կազմել եւ խմբագրել է գրող, գրականագետ Կարո Վարդանյանը՝ օգտվելով Լիբանանի «Սփյուռք» պարբերականի արխիվում առկա նյութերից, որոնք Յանիկյանը գրել է ընդհատումներով եւ ավարտել 1979 թվականին։ Սուր գնահականներով եւ աղմկահարույց բացահայտումներով հագեցած իր շարադրանքն առանձին գրքով հրատարակելու հեղինակի ցանկությունը չի իրականացել։
«Նոր կյանք» թերթի խմբագիր Հրանտ Սիմոնյանին ի պահ տրված հուշերի մի տարբերակը սփյուռքի հայկական կառույցների տարբեր մտավախությունների եւ ստեղծած խոչընդոտների հետեւանքով առաջին անգամ ընթերցողին է հասել միայն 20 տարի անց։ Այդ տարբերակը 2000 թվականին հատվածաբար հրապարակվել է «Լույս» շաբաթաթերթում (Լոս Անջելես), իսկ մեկ տարի անց պարբերականի խմբագիր Ստեփան Քիրեմջյանը հրատարակել է առանձին՝ «Իր եւ ուրիշների մասին» վերնագրված գրքով։
Գուրգեն Յանիկյանի հուշագրության ներկա հրատարակությունը՝ «Բանտարկյալի ձայնը» ունի զգալի նույնություններ նախորդ գրքի հետ, բայց այն առավել համապարփակ է ու լրացված հեղինակի շարադրած եւս 28 էջերով։ Դրանցում նույնպես ցնցող բացահայտումներ կան։
«Բանտարկյալի ձայնը» գրքի հրատարակությունը եւ շնորհանդեսը կազմակերպվել են Գուրգեն Յանիկյանի գործողության 50-ամյակին ընդառաջ «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական հ/կ նախաձեռնած Յանիկյանական տարի՝ «Նպատակ եւ ճշմարտություն» միջոցառումների շարքում։